ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար դիմել են 4 դատավոր, որոնցից երկու թեկնածուների մեջ է գնալու «կռիվը»։ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել է Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցըոն Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:
Իսկ ո՞վ պետք է զբաղեցնի Թունյանի տեղը: Դատական համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ գնդակը դատավորների դաշտում է, եւ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու պետք է ներկայացնի, ու դատավորները պետք է ընտրեն նրան, ապա՝ գործուղեն ԱԺ: Դատավորների ժողովը կայանալու է փետրվարի 2-ին։ Ստացվում է՝ դատավորների ժողովը պետք է 4 թեկնածուներից մեկին ընտրի ու ուղարկի ԱԺ, որտեղ և կկայացվի վերջնական որոշումը։
Քնար Մանուկյան