Նիկոլ Փաշինյանի որդու գործով դատավորին նախազգուշացրին․ ինչ է նա արել․ ԲԴԽ-ի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվել է նախազգուշացում, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, Դատավորը չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից շեղվելը և մինչդատական վարույթն ավարտված լինելու և գործով վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից ստանձնած լինելու պայմաններում բեկանել է Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը՝ մեղադրյալ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխելով տնային կալանքով: Նշված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի խախտման:

Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս դեպքի վերաբերյալ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը սոցցանցի իր էջում գրում է․

«ԲԴԽ-ն Նիկոլ Փաշինյանի որդու գործով որոշման համար նախազգուշացում է հայտարարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին՝ այն պատճառաբանությամբ, որ Փաշինյանի որդուն «առևանգողի» նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառված խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով փոխելիս նա շեղվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավակարգավորումներից, քանի որ վարույթն այդ պահին ուղարկված է եղել դատարան, թեև դատական քննության փուլում դեռևս անդրադարձ կատարված չի եղել մեղադրյալի խափանման միջոցին։

Մինչդեռ, նույն դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, բեկանելով մինչդատական վարույթում կալանքի մերժման վերաբերյալ դատական ակտը, կալանավորել էր մեղադրյալին, որի վերաբերյալ քրեական գործն արդեն վաղուց դատարան էր ուղարկվել և դատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը նույն ԲԴԽ-ն մերժեց, այն պայմաններում, որ դատավոր Դանիելյանի արարքում իսկապես կոպիտ խախտում կար, իսկ դատավոր Հովհաննիսյանը նման խախտում թույլ չի տվել։ Իսկ գիտե՞ք ինչու, … որովհետև Արմեն Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահին կալանավորած, իշխանության սրտի դատավորն է, իսկ Գրիգոր Հովհաննիսյանը՝ ՀՀ լավագույն դատավորներից մեկն է, ով հանդգնել է իրենց «շեֆի» որդու գործով օբյեկտիվ լինել»։




Լրահոս