Ինչ ընթացքում է հափշտակված դրամապանակի գործը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը կապ է հաստատել Արցախից բռնի տեղահանված ուսանողուհու հետ, ում դրամապանակը վերջերս էին գողացել, տեղեկանալու գործի ընթացքից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց.

«Գործով զբաղվում են ոստիկանները, սակայն նրանք ևս չեն երաշխավորում, որ կգտնվի: Գողին գտնելու դեպքում էլ ասում են՝ եթե ծախսված լինի գումարը, գողին միայն քրեորեն պատիժ է հասնում: Հիմա դեռ միայն տեսախցիկներն են նայում»:

Ն.Ա.-ն մեզ հետ զրույցում նաև նշեց, որ նույն հափշտակության դեպքով մեկ այլ ուրիշ տուժածի ոստիկանությունից ասել են՝ առաջին անգամի համար մինչև 500 հազար ՀՀ դրամը գողություն չի համարվում ու տվյալ հափշտակողը կարող է նաև գումարը հետ չվերադարձնել, քանի որ դատական գործ է հարուցվելու:

ArmLur.am-ը կապ է հաստատել նաև փաստաբան Հովիկ Արսենյանի հետ՝ ոստիկանության կողմից տրված պատասխանների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար:

«Դա սովորական գողություն է և որպես այդպիսին պիտի հայտարարություն տրվի՝ քրեական հետապնդություն իրականացվելու համար: Եվ եթե անձը հայտնաբերվում է, ապա նրան մեղադրանք է առաջադրվում, և գործն ուղարկվում դատարան: Դեպքը գրպանահատությանն է վերաբերում, որը վերջերս խստացվեց, և գողություն կատարած անձին հասնում է մինչև անգամ ազատազրկում»,- ասաց փաստաբան Արսենյանը՝ միաժամանակ հավելելով, որ տուժած կողմի հիմնավորված փաստերով՝ գումարը գողացողը պարտավոր է վերադարձնելու:

«Հանցագործից գումարը բռնագանձվում է, որը պետք է վերադարձվի տուժած կողմին: Հանցագործը պիտի հայտնաբերվի և քրեական պատասխանատվության ենթարկվի»,- եզրափակեց Արսենյանը:

Նշենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի հոդված 3 17-րդ կետի՝ Հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս