Այսօր՝ ժամը 17:00-ին, Վրաստանի կառավարության վարչակազմում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույց կանցկացնի:
Ամենայն հավանականությամբ, Ղարիբաշվիլին կհայտարարի իր հրաժարականի մասին։ Հատկանշական է, որ այսօր՝ ժամը 14:00-ին, տեղի է ունեցել Վրաստանի կառավարության նիստ, սակայն վարչապետը կամ նախարարները հայտարարություններ չեն արել։
Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին կլքի վարչապետի պաշտոնը, իսկ այս պաշտոնը կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Ըստ ԶԼՄ-ների՝ Ղարիբաշվիլին կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։
Ի դեպ, Ղարիբաշվիլիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը ակտիվացել են այն բանից հետո, երբ կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին, հայտնում է ALIQ-ը:
«Վրացական երազանք»-ի նորացված կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահը կարող է վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս պաշտոնը զբաղեցրել է Բիձինա Իվանիշվիլին, ով երրորդ անգամ է վերադարձել քաղաքականություն։
Կադրային փոփոխությունների մասին տեղեկությունը երեկ հայտնել էր ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից Նիկա Գվարամիան։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որ նաև «Վրացական երազանք»-ի անդամ է, պատասխանելով վարչապետի փոփոխության մասին հարցին, ասել էր, որ «նման շահարկումներ բազմիցս եղել են», և չի կարող մեկնաբանել շահարկումները։
«Մթավարի արխի»-ի տեղեկություններով՝ մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին, արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կլքեն իրենց պաշտոնները։