Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է:
ՀՍՍՀ նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Ե. Չարենցի տուն-թանգարանը։ Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թ. հունվարի 30-ին։ 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Ե. Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։
Մյուս հարկաբաժիններում ցուցադրվում են Չարենցի և նրա ժամանակակիցների հետ առնչվող իրեր, լուսապատճեններ, գեղանկարներ և այլն։ Թանգարանի այժմյան ցուցադրության հեղինակը Ռոբերտ էլիբեկյանն է, նախկին ցուցադրությունը հեղինակել էր Կամո Նիգարյանը։ Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը։ Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով։ Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը» դրամայում (1937 թ.). «Տեսարանը՝ սենյակ, գրասեղան, սեղանի լամպ՝ կարմիր թավշյա լուսամփոփով։ Վառված է միայն այդ լամպը և նրա լույսով կիսաղոտ կերպով լուսավորված սենյակում, բացի սեղանից, ուրվագծվում են գրադարակներ, Ջիոտտոյի հայտնի ֆրեսկոյի մի մասի արտատպությունը, որը ներկայացնում է Դանտեին և Պետրարկային՝ դրախտում։ Դիմացի պատին, այսինքն գրասեղանի ետևը՝ չինական պաննո, դեղին թավշի վրա դրված հսկայական բրոնզյա Բուդդայի գլուխը՝ դեղին, պսպղուն այտերով, ծուռ ու նշաձև աչքերով և հեգնական շրթունքներով»։ Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լեոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով։
Թանգարանը կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, չարենցյան ընթերցումներ, կրթական ծրագրեր և այլն։ Թանգարանն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ժամանակավոր ցուցահանդեսներ։
Թանգարանը գտնվում է Երևանի նախկին Սունդուկյան 6, այժմ՝ Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքում։