Քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց փոխանակման գործընթացին վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը: Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքներին:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԺ փոխխոսնակը մանրամասնել է հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները: Քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց փոխանակման գործընթացին, ԼՂ-ում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող հարցեր:

Հակոբ Արշակյանը կարևորել է բոլոր գերիներին ու պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը: Բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու հարցում՝ Հակոբ Արշակյանն այդ առումով արժևորել է նաև Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Քննարկվել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանն առաջարկել է միջոցառումն անցկացնել սեպտեմբեր ամսին` Երևանում:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ չնայած մարտահրավերներին՝ հայկական կողմը պատրաստ է առաջ մղել խաղաղության օրակարգն ու աշխատել այդ ուղղությամբ: Այս համատեքստում նա կարևորել է կողմերի միջև երկխոսությունը:

Հասմիկ Հակոբյանը հույս է հայտնել, որ Ժնևում կընդունվի Երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի թեմայի ընտրությանը վերաբերող իր առաջարկը: Հայ պատվիրակն առաջարկել է քննարկել խաղաղության գործընթացում երիտասարդների դերը՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը:

Մարտին Չունգոնգն Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում բարձր է գնահատել արդյունավետ երկխոսություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա նշել է, որ Բաքու այցի ժամանակ իրենք ջանքեր կգործադրեն խաղաղության գործընթացին նպաստելու համար:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության խնդրին, գերիների փոխանակման գործընթացին:

 




Լրահոս