Քաղաքացիները փետրվարի 1-ից կտուգանվեն՝ վարձակալությունից ստացված եկամուտները թաքցնելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թ․ փետրվարի 1-ից կսկսվի տուգանքների կիրառումը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները թաքցնել փորձելու պարագայում։
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է banali.am-ի աշխատակիցների հետ։ Եթե Դուք վարձակալությամբ եք հանձնում անշարժ գույք, ապա անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել հարկային մարմնին, ինչպես նաև վճարել հարկ և ներկայացնել հաշվետվություն։

-Ե՞րբ է անհրաժեշտ ներկայացնել հայտարարություն:

-Եթե վարձակալի հետ կնքած Ձեր վարձակալության պայմանագիրը անցել է նոտարական վավերացում և/կամ պետական գրանցում, ապա հայտարարություն տալու կարիք չկա։ Եթե ոչ, ապա, ամեն անգամ գույքը վարձակալության հանձնելուց հետո 5 օրվա ընթացքում անհրաժեշտ է կամ օնլայն եղանակով կամ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած տարածքային գրասենյակ այցելելով՝ ներկայացնել հայտարարություն՝ համապատասխան ձևաթերթում լրացնելով Ձեր և անշարժ գույքի տվյալները, ինչպես նաև վարձակալության ժամկետը։

Միևնույն այցի ընթացքում (կամ առցանց), համապատասխան ձևաթերթով դիմում ներկայացնելուց հետո, նույն պահին Դուք կստանաք նաև ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համար), ինչպես նաև համակարգի Ձեր մուտքանունը և գաղտնաբառը։ Այժմ Դուք արդեն ունեք ողջ անհրաժեշտ գործիքակազմը / նախապայմանները՝ եկամտային հարկը վճարելու և հաշվետվություն ներկայացնելու համար (այն կատարվում է բացառապես առցանց եղանակով)։

-Ե՞րբ է պետք վճարել եկամտային հարկը:

-Եկամտային հարկը վճարվում և հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ՝ առավելագույնը մինչև մայիսի 1-ը՝ հաշվետու, այսինքն՝ նախորդ տարվա համար։ Այսինքն, մինչև 2024 թ․ի մայիսի 1-ը հարկավոր է վճարել և հաշվետվություն ներկայացնել 2023 թ․ի ընթացքում ստացված եկամուտների համար։
Համապատասխանաբար, եթե Դուք Ձեր բնակարանը վարձակալության եք հանձնելու 2024 թ․ին, ապա 2024 թ․ին ստացվելիք եկամուտների համար հարկ վճարել և հաշվետվություն ներկայացնել անհրաժեշտ կլինի 2025 թ․-ին՝ առավելագույնը մինչև 2025 թ․ մայիսի 1-ը (վերջնաժամկետները փոփոխվելու պարագայում այդ մասին
պաշտոնապես կհրապարակվի):

-Իսկ կարո՞ղ եմ մաս֊մաս վճարել։

– Եթե Դուք նախընտրում եք եկամտահարկի վճարումը կատարել մաս֊մաս՝ հաշվետու տարվա ընթացքում, օրինակ՝ տարվա վերջում ֆինանսական բեռ չկուտակելու նպատակով, ապա դա նույնպես հնարավոր է։ Հաշվետու տարվա ընթացքում Դուք «կհամալրեք» ձեր միասնական հաշիվը, իսկ տարին ավարտվելուց հետո արդեն կկատարեք հարկի վճարումը և հաշվետվության ներկայացումը:

-Բա՞րդ չէ արդյոք այս գործընթացը սովորական քաղաքացիների համար։

– Այս ամենը միգուցե առաջին հայացքից կամ առաջին անգամ բարդ թվա, սակայն իրականում ամեն ինչ շատ հեշտ է և միանշանակ։ Այնուամենայնիվ, կան տանտերեր, ովքեր նախընտրում են ավելորդ ժամանակ և նյարդեր չծախսել։ Այս պարագայում, որպես անշարժ գույքի բոլոր կարիքների հարթակ, մենք տրամադրում ենք նաև նկարագրված
գործընթացի մասով հաշվապահական ծառայություններ ևս՝ Ա-ից մինչև Ֆ:

Էմմա Միքայելյան




Լրահոս