Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում գտնվող տաղավարի տանիքում։
Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Արդյունքում՝ տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են պլաստմասե տարաներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 65,1 գրամ քաշով, դեղնականաչավուն, չոր առանձնացված զանգվածներ։
Բացի այդ՝ թաքստոցից հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ նույնպես լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն զանգվածով, որի քաշը տուփի հետ միասին կազմել է 23,9 գրամ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։