ArmLur.am-ն ահազանգեր է ստանում ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ծնողներից, որ մարտական դիրքում հերթափոխը ուշ է իրականացվում եւ իրենց երեխաները շաբաթներով մնում են մարտական դիրքում մինչեւ մյուս խումբը հասնի դիրքեր:
«Երբ է վերջ տրվելու այս իրավիճակին, որ մեր երեխաները դիրքեր բարձրանալուց հետո հույս ունենան, որ իջնելու են, այլ ոչ թե օրերով սպասեն, թե երբ կգան իրենց հետեւից»,-ահազանգում են ծնողները:
ArmLur.am-ը դիմեց ՊՆ` իրավիճակի մասով պարզաբանում ստանալու նպատակով` հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված, որ հերթափոխությունը ճիշտ ժամանակին չի իրականացվում, եւ ծնողներն անհանգստանում են իրենց երեխաների կյանքի համար: Ի պատասխան մեր հարցադրման ՊՆ-ից արձագանքեցին, որ բարձր լեռնային դժվարանցանելի գոտիներում, խիստ անբարենպաստ եղանակով և ձյան առատ տեղումներով պայմանավորված, նաև անվտանգության կանոնների պահպանման նկատառումներից ելնելով զինծառայողների տեղաշարժեր առաջնագծի որոշ հատվածներում չէր կատարվում՝ մինչև հերթափոխի իրականացման համար անվտանգ պայմաններ չապահովվեին:
«Ձնամաքրման ակտիվ, շուրջօրյա աշխատանքների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկել է, հերթափոխի խոչընդոտներ այս պահին ընդհանուր առմամբ չունենք: Հերթափոխի գործընթացի վերաբերյալ հանրային հայտարարություններն ու հրապարակումները խիստ անցանկալի են, իսկ ժամկետների ընդգծումը՝ արգելված»։
Քնար Մանուկյան