Այո, մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին «Արմենիա», «ATV», «FreeNews», «Դար 21», նաեւ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Մի մասը պարտքերը փակել է, մյուս մասը ժամանակացույց են ստեղծել եւ ըստ դրա փակում են: Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, եւ ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,-ասաց նա:
Տիգրան Հակոբյանի խոսքով, իրենք չեն պատրաստվում այստեղ մեղադրել հեռուստաընկերություններին. «Առիթ է ներկայացնել այն շատ տխուր պատկերը, որն այսօր կա հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունների համար: Նույնիսկ «Արմենիան», որ ժամանցային էր, ուներ մեծ լսարան եւ բավականին մեծ գումարներ էր աշխատում, շահույթ ուներ, նույնիսկ այդ հեռուստաընկերությունն այսօր աշխատում է վնասով: Վնասով են աշխատում բոլոր հեռուստաընկերությունները»,- նշեց ՀՌՀ նախագահը:
Նշենք, որ «FreeNews» հեռուստաընկերության տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։