Այն, ինչ թույլատրված է մեր հայրենի հեռարձակողներին, չի կարող թույլատրված լինել օտարներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Անդրադառնալով նրան, որ ՀՌՀ-ն դեկտեմբերին 30 օրով դադարեցրեց «Տոսպա» ընկերության լիցենզիայի գործունեությունը, որը հեռարձակում էր «Սպուտնիկ ռադիոն», Տիգրան Համոբյանն ասաց. «Մենք ձեւավորում ենք մեր Հայաստանը, իր տեղեկատվական օրակարգը՝ իր քննադատությամբ, իր լուսաբանմամբ, բայց Հայաստանը որպես սուվերեն պետություն չպետք է թույլ տա, որ մեկը՝ նստած օտար ափերում ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, ՀՀ ղեկավարությանը՝ անկախ նրանից, մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե ոչ:
Երկրորդը, կար նաեւ օրենքի խախտում, բռնության կոչեր, սպառնալիքներ, բառամթերք, որը նույնիսկ մենք փորձեցինք որոշման մեջ շատ չծավալվել, որովհետեւ տհաճություն էր պատճառում: Տեսնելով դա, մենք վարույթ հարուցեցինք, եւ մեզ այլ բան չէր մնում, քան 30 օրով կասեցնել Սպուտնիկ ռադիոյի հաղորդումները, որը հեռարձակում է «Տոսպա» ռադիոընկերությունը:
Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ «թեժ գծի» պես մի բան կսարքենք, կփորձենք ցանկացած օրենքի խախտում լինելու դեպքում խնդիրը արագ լուծել: Համոզված եմ, որ մոտ ապագայում նման բաներ չեն լինի, քանի որ ինձ հավաստիացրել են, որ իրենց խմբագրական քաղաքականության մեջ բավականին մեծ փոփոխություններ են մտցրել»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը՝ հավելելով, որ գուցե «Ստուտնիկ ռադիոն» հեռարձակի մեզ համար անընդունելի բովանդակություն, բայց դա չի հեռարձակվի Հայաստանի տարածքում: