ArmLur.am-ը բողոք է ստացել Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի 26 շենքի բնակիչներից: Նրանք պատմում են, որ բակում բանջարեղենի խանութի տնտեսվարողը առք և վաճառք է իրականացնում, որը հասնում է նաև փողոցի մայթին:
«Դա համ օրենքով է արգելված, համ հակասանիտարական է: Հիմա Էջմիածին քաղաքում նոր աղբամաններ են տեղադրել, դրանից 2-ը արդեն տեղադրված են հենց իրենց ապրանքի կողքին, այսինքն՝ ժողովուրդը սնվում է հենց աղբամանի կողքից:
Կինը մի քանի անգամ դիմել է Վաղարշապատի համայնքապետարան և մարզպետարան, բայց այդ հարցը դեռ լուծում չի ստացել:
«Ամենայն հավանականությամբ, այստեղ կոռուպցիայի մասին է ավելի շատ խոսվում, որովհետև ոչ մի բան չեն ձեռնարկում: Ամբողջ ապրանքը՝ միրգ, բանջարեղեն կեսը փչացած, կեսը նորմալ. մարդիկ մայթին վաճառում են, ոչ ոք ձայն չի հանում»,- պատմում է մեզ դիմած քաղաքացին:
Համայնքապետարան դիմած բնակիչներին դեռ 2 շաբաթ առաջ ասել են, որառևտուր իրականացնողները տուգանվել են 200.000 դրամ, ապրանքը պետք է առգրավվի, սակայն ամեն ինչ նույն կերպ է դեռ:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակիցների հետ՝ մեկնաբանում ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Էմմա Մարտիրոսյան