Հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանին, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:
Ծառայության պետը նախ՝ շնորհավորել է նորանշանակ պետերին, մաղթել բարի ծառայություն, ապա՝ իր խոսքում հատկապես ընդգծել է կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Ամբակում Գրիգորյանը հավաստիացրել է, որ Ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների՝ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք կատարմանը, և ցանկացած օրինախախտ դեպք կստանա իր համարժեք պատասխանը։
Ամբակում Գրիգորյանը միաժամանակ նշել է, որ պատրաստ է աջակցել ծառայողներին ծագած խնդիրների լուծման և նախաձեռնությունների իրագործման հարցում։
Նույն օրը Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Թադևոս Նալբանդյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին։
Թադևոս Նալբանդյանը նշել է, որ Արտակ Ղազարյանն իր գործի գիտակն է, և հույս հայտնել, որ կշարունակեն համատեղ ուժերով իրականացնել իրենց առջև դրված նպատակները։
Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել ցուցաբերած բարձր վստահության համար և հավաստիացրել, որ պատվով կշարունակեն աշխատանքը քրեակատարողական համակարգում։