«ԻՍԿ Ո՞Վ Է ԲԵՐԵԼ ՆԻԿՈԼԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՔՊ-ից շատերը խուսափում են հանրային խոսքից. չեմ զարմանա, որ սկսեն հարցնել. «Իսկ ո՞վ է բերել Նիկոլին»»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

 

«Ոմանց շտապ հարկավոր են «մեղավորներ»։

Մեր երկրի հանրային դաշտում «ջուր պղտորողների» պակաս երբեք չի զգացվել, իսկ հիմա՝ առավել եւս: Միշտ էլ գտնվել են թեմաներ, որոնց արհեստական եւ սխալ հնչեղություն են տրվել, եւ շնորհիվ պղտորողների «մասնագիտական հմտությունների»՝ տեղեկատվական տիրույթներն ու կենցաղային զրույցները ծանրաբեռնվել են դատարկամիտ խոսակցություններով:

2018թ. իրադարձությունները շատ ծանր նստեցին հայ ժողովրդի վրա ու դեռ շարունակելու են իրենց դառը ազդեցությունը թողնել Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի վրա: Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն պետական, քաղաքական, հանրային, մշակութային, գիտական, ռազմական գործիչներն են սխալվում, այլ նաեւ ժողովրդի մեծամասնությունը: 2018թ. ապրիլ-մայիս ամիսները եւ, հատկապես, 2018թ. դեկտեմբերի 9-ի եւ 2021թ. հունիսի 20-ի ընտրությունները վառ ապացույցն են այն բանի, որ ժողովուրդը եւս կարող է սխալվել:

Նիկոլի եւ իր իշխանության հարցում սխալվողների շրջանակը շատ լայն է եւ բազմաբնույթ: Ոմանք սխալվել են ՀՀ ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին մերժելու հարցում: Ոմանք սխալվել են Նիկոլի հետեւից գնալու եւ փողոցներում զանգվածային ակցիաներ անելու հարցում: Ոմանք սխալվել են նրան միանալու, ողջունելու եւ աջակցելու հարցերում: Ոմանք սխալվել են, Նիկոլի ստերին ու կեղծիքներին հավատալով, նրա կուսակցությանը ձայն տալու հարցում: Ոմանք սխալվել են օրինական իշխանությունն ամեն գնով չպահելու հարցում: Ոմանք սխալվել եւ սխալվում են Նիկոլի կողքին կամ նրա իշխանությանը հենարան լինելու ու ազգակործան քաղաքականությանը ծառայելու հարցում, եւ այլն:

2018թ. գարնանային էյֆորիան եւ «ոգեւորվածությունն» այնքան մեծ էր ու անտրամաբանական, որ շատ-շատերն այդպես էլ չգիտակցեցին, որ ամեն մեկը, մի լուցկու հատիկ վերցրած, իրենց իսկ ձեռքով պատրաստվում են հրդեհել ու կործանման տանել հայ ժողովրդի բոլոր հավաքական ձեռքբերումները:

Իմ խորին համոզմամբ՝ հիմա շատ շատերն են գիտակցել եւ գիտակցում իրենց գործած ուղղակի եւ անուղղակի սխալները, բայց առայժմ բոլորը չեն պատրաստ ընդունել այն եւ միավորվել դրանք ուղղելու համար: Ինչպես որ նախկին իշխանությունների դեմ միավորված կերպով՝ կամա, թե ակամա գործվել են սխալները, այնպես էլ Նիկոլի իշխանությունների դեմ միավորված կերպով է հնարավոր ուղղել դրանք: Այս պարզ ճշմարտությունը հասկանում եւ այդ մասին խոսում են նաեւ մեր թշնամիները՝ անունը դնելով ռեւանշ:

Վերջին տարիներին գործած բազմապիսի սխալներից հետո  որոշ շրջանակներ, ջուր պղտորողի ջանասիրությամբ, փորձում են իրենց մեղքերը լվանալ այս ողբերգության դեմ հենց սկզբից պայքարող, Նիկոլի տխուր հետեւանքների մասին հազար լեզվով զգուշացնող եւ ամենատուժող ուժի հաշվին: Նրանք պարզապես մոռանում են, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը խլելուց եւ այն Նիկոլին փոխանցելուց հետո որքան հպարտ եւ ուրախ էին իրենց «հաղթանակով»: Իհարկե, պատճառները վաղուց հասկանալի էին:

Հասկանալի է նաեւ, թե ինչու են հենց հիմա բարձրացնում «ո՞վ է իշխանության բերել Նիկոլին» տխմար հարցադրումը, եւ ոչ թե, օրինակ, 2018-20թթ.-ին: Դա խոսում է այն մասին, որ Նիկոլի իշխանության հեղինակությունը ձգտում է զրոյի, եւ ոչ ոք այլեւս չի ցանկանում ասոցացվել նրա եւ նրա համազգային ձախողումների հետ: Շատ հանրային ու քաղաքական գործիչներ, որ սխալվելով ողջունել ու աջակցել են Նիկոլի իշխանափոխությանը, գիտակցում են, որ փոքր երկրում պատմությունից աննկատ մնալը դժվար է: Գիտակցում են, որ 2018թ. իշխանափոխությունը, հակառակ իրենց կամքի, վերածվել է ազգային շահերի դավաճանության, Արցախի ամբողջական կորստի, 5 000-ից ավելի զոհերի, ՀՀ անվտանգությանն ու պետականությանն ուղղված սպառնալիքների: Հետեւաբար, ինչպես Նիկոլին ձախողումների համար են հաճախ շտապ պետք լինում մեղավորներ, այնպես էլ որոշ շրջանակների են շտապ հարկավոր մեղավորներ: Այնինչ,  Աստծո առաջ մեղքերը քավել է հարկավոր (յուրաքանչյուրս՝ մեր մասով): Յուրաքանչյուրը թող մեղավորներ փնտրի իր մեջ ու հեռու մնա Նիկոլի կապիտուլյացիոն ջրաղացին ջուր լցնող եւ ընդդիմադիր դաշտի ջրերը պղտորող վնասակար գործունեությունից:

Հ.Գ.- Տարածվում են նույնիսկ շշուկներ, որ անգամ ՔՊ խմբակցությունից շատերը խուսափում են հանրային խոսքից ու շփումներից՝ գիտակցելով մոտեցող պատասխանատվության անբացատրելի բեռը: Չեմ զարմանա, որ նաեւ ՔՊ-ականները սկսեն հարցնել. «Իսկ ո՞վ է բերել Նիկոլին»»,- գրել է Զաքարյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼ

Երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները եւ առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից:

 

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ԵԽԽՎ նիստերից առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեցին Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարները Բաքվի բանտից:

Վերլուծելով այս փաստերը՝ կարող ենք արձանագրել, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը թույլ չէր տվել ԵԽԽՎ պատգամավորներին գնալ եւ տեսնել հայ քաղբանտարկյալներին, այս նպատակով էլ ադրբեջանական կողմը հրապարակել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարները, որպեսզի մեղմի ԵԽԽՎ պատգամավորների զայրույթը, ու ԵԽԽՎ այդ որոշումը չլինի:

Ստացվում է՝ Ադրբեջանի այս շինծու քայլերն ապարդյուն են եղել, եւ հրապարակված նկարները չբավարարեցին ԵԽԽՎ պատգամավորներին, ու արդյունքում նման խիստ որոշում կայացվեց:

Արձանագրենք նաեւ, որ ԵԽԽՎ-ն իր հրապարակած զեկույցում շեշտել էր, որ Ադրբեջանը թույլ չի տվել իրենց տեսակցել հայ քաղբանտարկյալներին:

 

 

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը hունվարի 25-ին հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին:

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ է եղել փոխադարձության եւ հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երեւանում հյուրընկալելու հարցին: Երկուստեք ընդգծվել է հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու նշանակությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարեւոր հիմք: Կարեւորվել է գործարար շրջանակների միջեւ կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում:

 

 

«ԱՎԵԼԻ ՆԻԿՈԼԱԿԱՆ Է, ՔԱՆ ՆԻԿՈԼԸ»

«Ակնհայտ է, որ դատական համակարգը լուրջ ճնշման ներքո է. խոսքը միայն արտաքին ճնշմանը չի վերաբերում»,- հունվարի 25-ին՝ Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի գործով ասուլիսի ժամանակ, ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատական համակարգի, հատկապես՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին վերաբերող քրեական գործերի վրա իշխանության ազդեցությանը եւ  այդ գործում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դերին:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ԲԴԽ նախագահն անընդհատ շեշտում է, որ ոչ ոք իրեն չի ճնշում, սակայն կարիք չկա, որ որեւէ մեկը նրան ճնշի՝ հաշվի առնելով, որ նա ՔՊ կուսակցության նախկին անդամ է. «Ես անգամ չեմ բացառում, որ որեւէ մեկը կարող է Կարեն Անդրեասյանին որեւէ հանձնարարություն չտալ, որովհետեւ ինքը շատ հարցերում շատ ավելի կաթոլիկ է, քան Հռոմի Պապը, ավելի նիկոլական է, քան Նիկոլը»։

Փաստաբանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, քաղաքականացված մարմին է, որը չի կարող անկողմնակալություն դրսեւորել քաղաքական գործերում. «Դատական դեպարտամենտը, չունենալով դրա լիազորությունը, Արմեն Աշոտյանի գործով հայտարարություն է տարածում, իսկ դատավորը չի պարզաբանում՝ ինքն է տվել տեղեկությունը, թե ոչ: Կարեն Անդրեասյանն էլ ասում է՝ եթե դժգոհ են, թող էթիկայի հանձնաժողով կամ Արդարադատության նախարարությանը դիմեն, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին»:

 




Լրահոս