2023 թ.-ի սեպտեմբերին՝ Արցախում ադրբեջանական ռազմական հարձակման առաջին իսկ օրվանից, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր միջազգային ցանցի հետ ներգրավվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու աշխատանքներին:
Հիմնադրամից հայտնում են, որ հիմք ընդունելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերում՝ ընտրվեցին առավել խիտ տեղակայման մարզեր՝ Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք եւ Գեղարքունիք։ Հիմնադրամի աջակցության ծրագրերի աշխարհագրության ընտրության ընթացքում հաշվի է առնվել նաեւ, որ մի շարք այլ հումանիտար եւ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը, մարզպետարանները եւ տեղական ինքնակառավարման մարմինները նույն ժամանակահատվածում աջակցության տարբեր ծրագրեր էին սկսել հանրապետության տարածքում։
Նկատի առնելով հումանիտար ճգնաժամի ահռելի ծավալները եւ բռնի տեղահանվածների բնակվելու աշխարհագրությունը՝ հիմնադրամը որոշեց աջակցության բաշխման գործընթացը կազմակերպել մարզային գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք թե՛ հիմնադրամի եւ թե՛ ՀՀ ոլորտային պետական կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտորեն աշխատել էին դեռեւս 2020 թ. պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ ՀՀ-ում էին գտնվում ավելի քան 90,000 ժամանակավոր տեղահանվածներ։ Իրականացվեց մարզերում գործող եւ 2020թ. պատերազմից հետո հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների քարտեզագրում։ Արդյունքում, ըստ մարզերի, ընտրվեցին հետեւյալ ՀԿ-ները՝
l «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ – Սյունիք
l «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ – Վայոց ձոր
l «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ – Արմավիր, Արարատ, Արագածոտն
l «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ – Գեղարքունիք
l «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ – Կոտայք
l «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ – Արարատ, Կոտայք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք
l «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամ – Կոռնիձոր, ապա՝ Սյունիք եւ Տավուշ
l «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ – Երեւան (միայնակ մայրեր)
Արդյունավետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխվել նշված մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի եւ հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ եւ այլն։
Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցությունից օգտվել է 62,000 շահառու, որից միայն տեղահանության օրերին Կոռնիձորում ստեղծված աջակցության կետերում՝ շուրջ 20,000 մարդ։
Գործընկեր կազմակերպությունները հիմնադրամին են ներկայացրել բաշխման հաշվետվություններ՝ տրամադրված աջակցության յուրաքանչյուր փուլի համար։ Հաշվետվությունը ներառել է ինչպես թվային ու նկարագրողական փաստագրում, այնպես էլ շահառուների գրանցման թերթիկներ՝ շահառուի ստորագրությամբ։ Իր հերթին, հիմնադրամը մարզերում իրականացրել է բաշխման մոնիթորինգ, նկարահանումներ, պատրաստել տեսանյութեր, որոնք տեղադրվել են համացանցում։
Արցախցիներին տրամադրված հումանիտար օգնությունը մեծամասամբ ֆինանսավորվել է հիմնադրամի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի եւ Տորոնտոյի տեղական մարմինների, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցների հաշվին:
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր տեղական մարմիններին հումանիտար աջակցության հրատապ ծրագրերը ֆինանսավորելու, իսկ գործընկեր հասարակական կազմակերպություններին՝ աջակցությունը ժամանակին եւ թիրախային բաշխելու համար։
Այս փուլով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է իր՝ հրատապ արձագանքման աջակցության ծրագրերը` անցնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար միջնաժամկետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Իր 32-ամյա գործունեության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1000-ավոր հումանիտար եւ զարգացման ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ արցախցիների համար: Այժմ, երբ մեր հայրենակիցները ստիպված լքել են իրենց բնօրրանն ու հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում, հիմնադրամը շարունակելու է տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցել նրանց:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«ՈՐՊԵՍԶԻ ՏՈՒՆՆ ԱՆԲՆԱԿ ՉԼԻՆԻ»
2023թ. Արցախի հայաթափումից հետո ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում բնակություն է հաստատել շուրջ 3000 բռնի տեղահանված արցախցի:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի համայնքապետարանի հանրային կապերի, լրատվության եւ արարողակարգի բաժնի պետ Աստղիկ Ավետիքյանը: «Առաջին օրերին բոլորին գրանցում էինք եւ նախնական տեղավորում էինք կա՛մ ընդհանուր կացության վայրերում, կա՛մ էլ հյուրատներում: Գրանցումից հետո արդեն առանձին բնակարաններով ապահովվեցին մեր հայրենակիցները: Իհարկե, մեծամասնությունը՝ վարձակալությամբ, սակայն ունենք նաեւ երեք խոշորացված համայնք, որտեղ սեփականատերերը տները տրամադրել են անվճար, որ տունը անբնակ չլինի: Պետք է նշեմ նաեւ այն, որ եղել են նաեւ մարդիկ, որ նախընտրել են համայնքում բնակարան գնել եւ մշտապես ապրել մեր համայնքում»,- ասաց Աստղիկ Ավետիքյանը եւ միաժամանակ շեշտեց, որ նոյեմբերի 1-ի դրությամբ Վանաձորում արդեն չեն եղել ընդհանուր կացության վայրերում բնակվող բռնի տեղահանվածներ: Մեր զրուցակցի խոսքով՝ Վանաձորում գործող աշխատանքային խումբն առ այսօր այցեր է կատարում բռնի տեղահանված ընտանիքներին եւ ծանոթանում նրանց առաջնային կարիքներին: Այնուհետեւ խումբը, պետության ու բարերաների աջակցությամբ, փորձում է լուծել այդ խնդիրները: «Շատերը նախընտրեցին բնակվել գյուղական համայնքներում, քանի որ գյուղերում սեփական տներին կից լինում է հողատարածք, եւ հարմար է զբաղվելու նաեւ հողագործությամբ: Ընդհանուր առմամբ, համայնքում շարժը մեծացել է, մի մասը տաքսի ծառայությամբ է զբաղվում, մի մասին մենք ենք առաջարկել համայնքին կից մանկապարտեզներում աշխատել, եւ սիրով էլ ընդունել են մեր առաջարկը, որոշները տնային պայմաններում են հրուշակեղեն պատրաստում եւ իրացնում:
Դրական փոփոխություն միանշանակ համայնքում զգացվում է, եւ ամենակարեւորը՝ պետք է շեշտեմ, որ նրանք եւս շահագրգռված են աշխատանք գտնելու, հնարավորինս շուտ ինտեգրվելու համայնքի կյանքին»,- ասաց մեր զրուցակիցը:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ՀԵՏՔ Է ԹՈՂԵԼ
Ազնավուր Վարուժանի Սաղյանին 2023թ. արցախյան վերջին պատերազմից հետո բոլորը կհիշեն՝ որպես անձնուրաց, ժողովրդասեր, հավասարակշռված ու իրական առաջնորդի հատկանիշներով օժտված քաղաքապետի: Ազնավուր Սաղյանը ծնվել է 1989 թ. ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում: Սովորել է Արցախի պետական համալսարանի Ֆիզմաթ ֆակուլտետում եւ ստացել «Մաթեմատիկա եւ ինֆորմատիկա» բակալավրի մասնագիտություն: 2007-2009թթ. ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՀՕՊ ստորաբաժանումում: Ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է որպես կարգապահ եւ բանիմաց զինվոր եւ նշանակվել ջոկի հրամանատար: 2016թ. ակտիվորեն մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, որը գնահատվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Զինակից ընկերների խոսքով՝ 2020թ. պատերազմի ժամանակ անուրանալի հետք է թողել նրա անձնվեր գործունեությունը: Կազմակերպել է զորահավաքային ռեսուրսների ազդարարումը եւ հավաքագրումը, խաղաղ բնակչության տարհանման աշխատանքները, իսկ ռազմաճակատում ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններին Մարտունի քաղաքի պաշտպանության ժամանակ: Ազնավուրի զինակից ընկերները հիշարժան են համարում հատկապես այն, որ Ազնավուրն իր երեք ընկերների հետ կազմակերպեց եւ իրագործեց անիրագործելի թվացող գործողությունը, երբ գրոհով ետ վերադարձրին կորսված դիրքը հնգապատիկ գերազանցող թշնամու զորքերից: Ինչպես զինակից ընկերներն են ասում, դիրքը անմիջապես սպառնում էր Մարտունի քաղաքին եւ վերահսկում տարածքի ողջ ճանապարհները: Ազնավուրը 44-օրյա պատերազմից հետո ընտրվում է Մարտունու քաղաքապետ եւ ձեռնամուխ լինում հայրենի ավիրված քաղաքի վերականգմանը: Armlur.am-ը կապ է հաստատել նաեւ Ազնավուրի հորաքրոջ աղջկա՝ Մարիամի հետ, որը մեզ հետ զրույցում պատմել է Ազնավուրին բնորոշ դիմագծերի մասին. «Բնավորությամբ շատ հանգիստ մարդ էր Ազնավուրը՝ նվիրված բոլորին՝ ընտանիքին, ընկերներին, հայրենիքին: Մեզ համար նա բոլորից առավել էր, առաջին հերթին Ազնավուրն էր, հետո՝ մնացածը, նույնիսկ մենք: Նա իր ամեն մի քայլով էր շահել մեր այդ վերաբերմունքը: Անկեղծ, նա բոլորի համար լավ մարդու օրինակ էր: Նրա հետ աշխատողները միշտ ասում էին, թե ինչպես է անում, որ բոլորը իրենից գոհ են լինում: Միշտ պետք է բոլոր քաղաքացիների պահանջները կատարեր, դրա համար նրան բոլորը սիրում էին՝ մեծից փոքր»: 2023թ. սեպտեմբերի 19-ին սկիզբ առած պատերազմն ինչքան կանխատեսելի էր, նույնքան էլ՝ անսպասելի: Ժամանակն օրհասական էր, իսկ հապաղելը՝ կործանարար: Ազնավուրը նույն կազմակերպվածությունն ու անձնվիրությունը ցուցաբերեց նաեւ այս վերջին պատերազմին՝ հավաքելով ողջ մարտունեցի տղամարդկանց եւ առաջինը մեկնելով ռազմի դաշտ: Նույն օրը՝ սեպտեմբերի 19-ին, սիրելի քաղաքի մատույցներում էլ զոհվում է Մարտունու հավերժ քաղաքապետ Ազնավուր Սաղյանը: Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Ն. ԱՂԱՍՅԱՆ