Կքննարկվեն Երևանին սահմանակից համայնքների կադաստրային քարտեզի ուղղման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ տեղի ունեցած հերթական խորհրդակցության ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվեցին և ամփոփվեցին մասնագիտական վարչություններին տրված նախորդ շաբաթվա և ընթացիկ հանձնարարականները։

Շարունակվում է «Թեժ գծով» պատասխանվող հեռախոսազանգերի որակական և քանակական ցուցանիշների ուսումնասիրությունը, մասնագիտական ստորաբաժանումները ուսումնասիրում են գրավոր և զանգերով ստացվող բոլոր դիմում-բողոքները, առաջիկայում կհստակեցվեն զանգերի կենտրոն ստեղծելու ծրագրային և տեխնիկական բոլոր հնարավոր լուծումները։

Առաջիկայում աշխատանքային հանդիպում կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կքննարկվեն Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի, ինչպես նաև մայրաքաղաքին սահմանակից համայնքների կադաստրային քարտեզի ուղղման աշխատանքների կազմակերպման մանրամասները, կհստակեցվի պլան-ժամանակացույցը։

Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն շուկայի վերլուծության առավել ծավալուն փաթեթ ստեղծելու վերաբերյալ, որտեղ ներկայացված կլինեն բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առաջնային շուկան, ինչպես նաև գնային վերլուծություն անհատական բնակելի տների և հասարակական նշանակության շինությունների վերաբերյալ։

Էլեկտրոնային համակարգերի ինտեգրման և հիփոթեկային վարկավորման գործարքների ընթացակարգերի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով նախատեսվում է առաջիկայում կազմակերպել նաև աշխատանքային հանդիպում Բանկերի միության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Գրանցման ոլորտում ռազմավարական փաստաթղթերի փաթեթի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կոմիտեի իրավաբանական և միջազգային վարչություններին հանձնարարվեց ուսումնասիրել միջազգային փորձը և գրանցման վարչությանը փոխանցել գրանցման մեթոդաբանության միջազգայնորեն ընդունված մոտեցումներն ու կարևոր փոփոխությունները։




Լրահոս