ՆՊԱՏԱԿԸ՝ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունեց  Պարույր Սեւակի 100-ամյակին նվիրված մրցույթի հաղթողներին:

 

Բանաստեղծի  100-ամյակին նվիրված «Եղիցի լույս. Սեւակ-100» մրցույթին  մասնակցել են ավելի քան 4000 դպրոցականներ, որոնցից հաղթող է ճանաչվել 7-ը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով աշակերտներին մրցույթում առաջինը լինելու կապակցությամբ, նշեց, որ նման մրցույթները լինելու են շարունակական:

«Հուսով եմ, որ դուք նույն ակտիվությամբ, նաեւ ձեր դասընկերներին ոգեւորելով՝ կմասնակցեք մեր մյուս մրցույթներին, որոնք ոչ միայն մեծացնում են իրազեկվածությունը մեր կարեւոր  գործիչների, մեծ վաստակ ունեցող մարդկանց  ու նրանց գործունեության մասին, այլ նաեւ  կրթական յուրահատուկ գործընթաց են դառնում: Դրանք տեւում են մի քանի օր, եւ այդ օրերին  եւս մեկ անգամ  վերանայում, թերթում,  հիշում եւ նոր գիտելիքներ եք ձեռք բերում»,- ասաց նախարարը:

Մասնակիցների խոսքով՝ մրցույթը եւս մեկ հնարավորություն էր մեծանուն բանաստեղծի մասին կարդալու, ուսումնասիրելու եւ մեկ այլ տեսակետից բացահայտելու համար:

Հարցերին առաջինը ճիշտ պատասխանած 7 մասնակցներն են ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Չոբանյանը, ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Ներկարարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հիմնական 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյանը, ՀՀ Արարատի մարզի Գետազատի Ն. Մանասերյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարուշ Մանուկյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյանը, ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Չոբանյանը եւ Երեւանի հիմնական 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Քարայանը:

Անդրեասյանը հաղթող աշակերտներին հանձնեց պատվոգրեր եւ Պարույր Սեւակի գիրքը:

Պարույր Սեւակի 100-ամյակի հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Պարույր Սեւակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) եւ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Պարույր Սեւակի 100-ամյակին նվիրված մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում. հրապարակված մրցութային 7 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 4000 պատասխան: Հունվարի 15-21-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են Պարույր Սեւակի կյանքին, ստեղծագործությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, եւ համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաեւ այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն):

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՀՆԱՐ Է ՄԱՇՎԱԾ ՏՈՂՈՎ ԵՐԳԵԼ»

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ եւ մշակութային գործիչ Պարույր Սեւակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախի գյուղում, որն այժմ կոչվում է Զանգակատուն:

5 տարեկանից գրել, կարդալ իմացող Սեւակը 16 տարեկանում ընդունվում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը, ապա ուսումը շարունակում Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում՝ հետագայում դասախոսելով այնտեղ:

Պարույր Սեւակը մահանցել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից:

Իր կարճատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում Պարույր Սեւակը հասցրել է ստեղծել հայ գրականության այնպիսի գոհարներ, ինչպիսին են «Այր մի Մաշտոց», «Նահանջ երգով», «Երգ երգոց» եւ «Անլռելի զանգակատուն» պոեմները, «Սիրո Ճանապարհը» եւ «Մարդը ափի մեջ» ժողովածուները, Մաշտոցի, Կոմիտասի, Քուչակի եւ այլ մեծանուն հեղինակների ստեղծագործությունների գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները, «Սայաթ -Նովա» մենագրությունը եւ այլն: Թարգմանել է Ադամ Միցկեւիչի պոեմները, Միխայիլ Լերմոնտովի «Դեւը» եւ բազմաթիվ այլ գործեր:

Պարույր Սեւակի ստեղծագործությունների հիման վրա են նկարահանվել «Մեսրոպ Մաշտոց» եւ «Սայաթ-Նովա» փաստագրական ֆիլմերը, ռեժիսոր Լեւոն Մկրտչյանի «Պարույր Սեւակ» կամ «Եղիցի լույս» ֆիլմը, որում ողջ ընթացքում գրողը կարդում է իր իսկ բանաստեղծությունները:

Գրողն ամուսնացել է 2 անգամ: Առաջին կինը՝ Մայա Ավագյանը, որը Ներսիսյան դպրոցի վերջին տեսուչ Սեդրակ Ավետյանի թոռնուհին էր, Սեւակի նամակներում անվանվում է «անփոխարինելի մարդ»:

«Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել»,- կնոջ մասին գրել է Պարույր Սեւակը:

Այս ամուսնությունից ծնվել է գրողի առաջնեկը՝ Հրաչիկ Ղազարյանը: Իսկ երկրորդ կինը՝ Նելլին, վրացուհի էր, ում հետ ծանոթացել էր Մոսկվայում ուսանելու տարիներին, եւ ով հետագայում պիտի դառնար իր երկու որդիների մայրն ու Սեւակի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունների հեղինակը, նրա կյանքի ընկերն ու պոեզիայի լավագույն մեկնաբանը:

 

 

 

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ՝ 102 ՏԱՐԵԿԱՆ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 102 տարեկան է: Այն իր դռները պաշտոնապես բացել է 1922 թվականի հունվարի 25-ին՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ: Այն ժամանակ դեռեւս Առաջին պետական թատրոնի անդրանիկ ներկայացման հեղինակը Իսահակ Ալիխանյանն էր, իսկ առաջին գեղարվեստական ղեկավարը՝ Լեւոն Քալանթարյանը:

1937 թվականից Գաբրիել Սունդուկյանի անունը կրող թատրոնը առանձնանում է շեքսպիրյան ներկայացումներով՝ Երեւան բերելով ԽՍՀՄ-ի առաջին շեքսպիրյան փառատոնը եւ կոնֆերանսը:

Հայտնի է, որ թատրոնի բեմի առաջին վարագույրը, որի վրա պատկերված է եղել Մարտիրոս Սարյանի հայտնի «Հայաստան» կտավը, 10 տարի ծառայելուց հետո իջեցվել է եւ այժմ զարդարում է նախասրահի պատը:

Թատրոնը մի քանի անգամ վերաբացվել է. նախ այն գործել է Հանրապետության հրապարակում, ապա՝ 1938 թվականին տեղափոխվել նոր շենք, որը 1962 թվականին այրվել է: Նույն վայրում կառուցվել է ճարտարապետներ Ռ. Ալավերդյանի, Ռ. Բադալյանի, Ս. Բուրխաջյանի եւ Գ. Մնացականյանի համահեղինակած նոր շենքը, որը յուրահատուկ ճարտարապետական կառույց է: Թատրոնը վերաբացվել է՝ կրկին անդրանիկ ներկայացման համար նախապատվությունը տալով «Պեպո»-ին, այս անգամ՝ Վարդան Աճեմյանի բեմադրությամբ:

Տարիներ անց՝ 2015 թվականին, թատրոնը վերանորոգվում է եւ վերազինվում նոր տեխնիկայով ու վերաբացվում 2016 թվականի դեկտեմբերի 13-ին: Ավանդույթը չխախտելու համար անդրանիկ ներկայացման համար Արմեն Էլբակյանը բեմադրում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն:

Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների 2024 թվականի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները հայտնի են:

«Դինամո» մարզահամալիրում կայացած առաջնության ոսկե մեդալակիրներ ըստ քաշային կարգերի դարձան` 48 կգ Բարեղամ Հարությունյան (2-րդ տեղ` Հովհաննես Հարությունյան, 3-րդ տեղեր` Հմայակ Հովհաննիսյան, Սեյրան Վարդանյան), 51 կգ՝ Արեն Ասլամազյան (2-րդ տեղ` Վահե Բադալյան, 3-րդ տեղեր` Հայկ Ալարբեքյան, Հարություն Կարապետյան), 54 կգ` Դավիթ Եգորյան ( 2-րդ տեղ Ժիրայր Սարգսյան, 3-րդ տեղեր` Սուրեն Ռուբենյան, Ռուբեն Գարբոյան), 57 կգ` Արթուր Բազեյան (2-րդ տեղ` Ռուսլան Ասլիկյան, 3-րդ տեղեր` Վարդան Միրզոյան, Էրիկ Թոխյան), 60 կգ` Արթուր Սահակյան (2-րդ տեղ` Արթուր Ղազարյան, 3-րդ տեղեր` Խաչիկ Բաղումյան, Արարատ Գյուլբանգյան), 63,5 կգ` Նարեկ Հովհաննիսյան (2-րդ տեղ` Կարեն Տոնականյան, 3-րդ տեղեր` Էրիկ Իսրայելյան, Վահագ Գալուստյան), 67 կգ` Արարատ Հարությունյան (2-րդ տեղ` Հարությունյան, Հակոբկոխյան, 3-րդ տեղեր` Սերյոժա Հարությունյան, Արթուր Մկրտչյան), 71 կգ` Գուրգեն Մադոյան (2-րդ տեղ` Զավեն Գալստյան, 3-րդ տեղեր` Արման Միսկարյան, Նարեկ Զախարյան), 75 կգ` Վախթանգ Հարությունյան (2-րդ տեղ` Գարիկ Անտանոսյան, 3-րդ տեղեր` Վահե Կարապետյան, Դավիթ Բասենցյան), 80 կգ` Ռաֆայել Հարությունյան (2-րդ տեղ` Համբարձում Հակոբյան, 3-րդ տեղեր` Աղվան Ալեքսանյան, Համլետ Ադամյան), 86 կգ` Համլետ Հարությունյան, (2-րդ տեղ` Դանիել Հարությունյան, 3-րդ տեղեր` Մհեր Շամոյան, Լիպարիտ Ղուլարյան), 92 կգ` Հենրիկ Ճղրիկյան (2-րդ տեղ` Իշխան Հովսեփյան, 3-րդ տեղեր` Կարո Վարդեւարյան, Անուշավան Մխիթարյան), 92 + կգ` Դավիթ Չալոյան (2-րդ տեղ` Հովհաննես Փափազյան, 3-րդ տեղեր` Ավետիք Հովհակիմյան, Մանուկ Խաչատրյան):

 

 

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԹԱԵՔՎՈՆԴՈԻՍՏԸ

2024 թվականի առաջին ամիսը հաղթական է եղել սեւանցի մարզիկ Դավիթ Թորոսյանի համար, որը տարիներ շարունակ բարձր է պահել Սեւան համայնքի պատիվը մարզական տարբեր առաջնություններում:

Դավիթ Թորոսյանն օրերս Մոսկվայում կայացած «Արեւմուտք-Արեւելք» թաեքվոնդոյի միջազգային  առաջնությունում  հաղթել է բոլոր մրցակիցներին եւ կանգնել պատվո հարթակի 1-ին աստիճանին:

«Այժմ Դավիթ Թորոսյանը մարզիչ Գոռ Երեմյանի սանն է: Ընտրելով թաեքվոնդո մարզաձեւը` Դավիթն իր առաջին քայլերը կատարել է Սեւան համայնքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում` մարզիչ Խաչիկ Թորոսյանի գլխավորությամբ` գրանցելով մի շարք հաղթանակներ: Խոստումնալից թաեքվոնդոիստը տարիների ընթացքում դարձել է փորձառու մարզիկ` ավելացնելով մեդալների քանակը»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

 




Լրահոս