«ԴԱ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

 

-Պարո՛ն Մելիքյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը  մի ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության. պետք է ոչ թե փոփոխել գործող Սահմանադրությունը, այլ ամբողջովին նոր Սահմանադրություն գրել Հայաստանի Հանրապետության համար: Ի՞նչ կասեք այս մասին, արդյոք  նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանը դա անհրաժեշտություն համարեց:

-Շատ պարզ է ամեն ինչ, նաեւ ցանցում հրապարակվեց, երբ որոշ ժամանակ առաջ Ալիեւը հրահանգում էր, որ Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ունենա, ու այդ հրահանգը ընկալվել է որպես գործողությունների ծրագիր, եւ կատարում է այդ հրահանգը Նիկոլ Փաշինյանը: Ինչի՞ մասին է  խոսքը. Հայաստանը զրկել հայկականությունից, Սահմանադրության այն դրույթները, որոնք հայկականությանն են վերաբերում, որով Հայաստանը տարբերվում է այլ պետություններից՝ հայ առաքելական եկեցեղու մասին հիշատակումը, Հայ ժողովուրդը որպես Հայաստանը ստեղծող միավորի հիշատակումը եւ այլն, հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, որն իր հերթին Հայաստանի համազգային նպատակների մասին է՝ ցեղասպանության ճանաչման, Արցախի հարցի… Այս ամենը վերացնելն է նպատակը, որպեսզի Հայաստանը վերածվի դիմագիծ, ինքնություն չունեցող  մի պետության: Սա է նրանց  նպատակը, եւ  բավական բաց արդեն սրա մասին խոսում են, ակնհայտ է, թե ուր է այս ամենը տանում:

-Գիտենք, որ, այս ամենին զուգահեռ, նաեւ Արդարադատության նախարարության կողմից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նախագիծ է ներկայացվել, որը կառավարությունում է: Թեեւ հանրային քննարկման չի ենթարկվել, բայց արդեն որոշ դրույթներ հրապարակվել են: Դուք արդյոք ծանո՞թ եք ծրագրին, դրա մասին ի՞նչ կասեք:

-Քանի որ այս սահմանադրական փոփոխությունների գործընթացը այն աստիճան փնթի է իրականացվում, որ կարող են ամիսներով աշխատել, հետո ցրվել, գնալ տուն, չեմ հետաքրքրվում: Հենց որ ինչ-որ մի բան դաշտում կլինի, նոր արժե ժամանակ ծախսել դրա վրա: Ամեն դեպքում, հարցն այն է, որ ոչ մի լավ բան այդտեղից դուրս գալ չի կարող: Դա սահմանադրական հեղաշրջման փորձ կարելի է որակել այն առումով, որ Հայաստանի Հանրապետության գոյությունը կդադարեցվի, եւ, կարճ ասած, Հայաստանը ուզում են վերածել Արեւմտյան Ադրբեջանի:  Սա է այս ամենի վերջնանպատակը, եւ փորձում են շոշափել հանրային տրամադրությունները:

-Պարո՛ն Մելիքյան, կխնդրեմ անդրադառնաք. վերջին շրջանում բուռն խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պետության կառավարման մոդելը փոխել՝ խորհրդարանականից անցում կատարել նախագահականի, ու այս ճանապարհով երկարացնել իշխանությունը, ինչպես նաեւ պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների գնալ: Դուք նման զարգացումները հավանական համարո՞ւմ եք:

– Քաղաքագիտությունը իմ ուղղությունը չէ, ես այդտեղ այդքան էլ ուժեղ չեմ: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի մի բան եմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը կորցնում է  իր դիրքերը. եթե նա հիմա գնա արտահերթ ընտրությունների,  ապա դա նրա համար ռիսկային է, որովհետեւ  ցանկացած նման գործընթաց ռիսկային կարող է լինել: Այս տեսանկյունից, ի տարբերություն շատերի, որոնք պրոֆեսիոնալ քաղաքագիտական առումով ապացուցում են, որ արտահերթ ընտրությունները անխուսափելի են, ես՝ որպես ոչ պրոֆեսիոնալ, մի տեսակ թերահավատությամբ եմ վերաբերվում այդ հարցին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼԸ»

«Արդյոք հանցագործությո՞ւն է ճշմարտության բացահայտումը, քաղաքական հայացքների արտահայտումը, հաղթելը ՏԻՄ ընտրություններում։ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը հենց դրա համար են բանտում»,- ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստում ունեցած ելույթում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը.

 

«Մեծարգո՛ նախագահ, սիրելի՛ գործընկերներ,

ո՞րն է «հանցագործություն» բառի սահմանումը։ Սա այն հարցն է, որը ես ցանկանում եմ բարձրացնել այստեղ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության այս խորանում։

Արդյոք հանցագործությո՞ւն է ճշմարտության բացահայտումը, որն իշխանությունը թաքցնում է իր քաղաքացիներից։ Հենց դրա համար է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 7 ամսից ավել գտնվում նախադատական կալանքի տակ..

..Կանվանեի՞ք արդյոք հանցագործություն Երեւանի կենտրոնում բողոքի խաղաղ ակցիաների անցկացումը, որով կառավարությանը պահանջ էր ներկայացվում քայլ ձեռնարկել՝ փրկելու ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ մնացած իրենց ծնողներին։ Սակայն հենց այդ գործողության համար այս պահին 11 ուսանողի գործ քննվում է դատարանում։ Նրանցից 4-ը ամիսներ են անցկացրել բանտում եւ դեռ շարունակում են ձերբակալված մնալ։

2023թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում կար ավելի քան 50 քաղբանտարկյալ։ Եվ սրանք պարզապես ընդդիմադիր պատգամավորի խոսքեր չեն. Եվրոպայի ժողովրդական Կուսակցության եւ Կենտրոնամետ Դեմոկրատների Միության կողմից ընդունվել են բանաձեւեր, ըստ որոնց՝ Արմեն Աշոտյանը եւ մեր մյուս ընկերները հռչակվել են քաղաքական բանտարկյալներ:

Արդյոք հանցագործությո՞ւն է կռվելն այն պատերազմում, որը մեր դեմ սանձազերծել էր Ադրբեջանը։ Բայց հենց դրա համար 2020թ.-ից մինչ օրս հայ ռազմագերիները որպես պատանդ պահվում են Բաքվում։

Իսկ գուցե հանցագործությո՞ւն է քո իսկ հայրենիքում խաղաղ ապրելը, քանի որ քաղաքացիական Վագիֆ Խաչատրյանը հենց դրա համար է Ադրբեջանի դատարանի կողմից դատապարտվել երկար տարիների ազատազրկման։

Թե՞ ագրեսորներից սեփական ժողովրդիդ պաշտպանության կազմակերպումն է հանցագործություն. Լեւոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանն այժմ Բաքվի բանտում են հենց այդ պատճառով..

..Երբվանի՞ց է սեփական երկրին պատվով ու պարտքով ծառայելը դարձել հանցագործություն, որ Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը պետք է Բաքվում կալանքի տակ պահվեն…»:

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱ

Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը. ճեպազրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան (փոխանցում է ՏԱՍՍ-ը)։

«Արարատ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ հարցերի՝ դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակ։

Վերջին ազդանշանը Երեւանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է դիվանագետը:

 

 

ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ եւ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ:

Անկախության համար պայքար մղած ազգերի ու պետությունների համար Հանրապետության օրը նշանակալից առիթ է՝ վերստին հաստատելու Սահմա­նադրու­թյամբ ամրագրված արդարության, ինքնիշխանության, հավասարության ու եղբայրության սկզբունքների նկատմամբ ժողովրդի եւ պետության նվիրվածությունը:

Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնա­վորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլեւ ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:

Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարները եւս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում: Այսօր արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր՝ պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերն ու ժողովուրդների ընդհանուր անցյալը երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում նոր ձեռքբերումների գործնական փուլ են թեւակոխում:

Կրկին շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ եւ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն եւ բարօրություն»:




Լրահոս