«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը եվրոպական տասնչորս երկրների հիսունից ավել քաղաքներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Հունվարի 27-28-ին Բելգիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Միացյալ Թագավորությունում, Չեխիայում եւ Ֆրանսիայում կայանալիք համահայկական համախմբման նպատակն է տարբեր միջոցառումների միջոցով ազգային կառավարություններին եւ եվրոպական կառույցների ղեկավարներին հորդորել հստակորեն դատապարտել արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականությունը, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։
Գերմանահայերի կենտրոնական կոմիտեի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը նշել է, որ արցախահայությունը, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, ունի իրավունքներ, որոնք պետք է վերականգնվեն եւ հարգվեն։ «Որպես քաղաքական ակտիվիստներ՝ մեզ համար կարեւոր է այդ իրավունքների համար պայքարելը։ Անշուշտ, արցախահայությունն ինքն է որոշողը, թե ինչ ուղով է ուզում առաջ գնալ, բայց մենք պետք է համապատասխան ատյաններում եւ կառույցներում հարցը օրակարգում պահենք»,- ասել է Սպանգենբերգը՝ հավելելով, որ իրենց կոմիտեն հատկապես հետամուտ է, որպեսզի Գերմանիան Ադրբեջանին առավել քան դատապարտող քաղաքականություն որդեգրի։
«Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը համոզված է՝ արցախցիների անքակտելի իրավունքն է հայրենիք վերադառնալ, եւ պահանջում է, որ եվրոպական կառույցները նպաստեն միջազգային շոշափելի անվտանգային երաշխիքների ապահովմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակի տրամադրմանը։
Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ յուրաքանչյուր հայի բարոյական պարտքն է պայքարել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատության համար՝ օգտագործելով բոլոր լծակները։ «Իրավիճակը շատ բարդ է, բայց առավելեւս հիմա պարտավոր ենք է՛լ ավելի համախմբված եւ նպատակաուղղված պայքարել», – ասել է Կարապետյանը։
Երկօրյա համաեվրոպական համախմբման թիրախային հարցերի շարքում է նաեւ միջազգային դերակատարներից պահանջել արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսեւորում եւ վերջինի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։
Շարժումը պահանջում է նաեւ ջանք չխնայել եւ օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաեւ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առեւանգված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԻՍՏԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ
ԱԺ հանձնաժողովները հաջորդ շաբաթ նիստեր կգումարեն:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկանում է, որ երեքշաբթի՝ հունվարի 30-ին, նիստ կանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Քննարկվելու են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծերը:
Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, նիստ կանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Հանձնաժողովի նիստին կքննարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրինագծերը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի փետրվարի 1-ին, օրակարգում 3 հարց է՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին. քննարկվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի փետրվարի 6-ին:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ռազմավարական բնույթը եւ վստահություն հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Զրուցակիցները կարեւորել են խաղաղության եւ կայունության ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը:
«ԱՄԵՆ ՋԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԵՄ»
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հերթական համայնքային այցի շրջանակներում հանդիպել եմ Աբովյան քաղաքում բնակվող՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Ծանոթացել եմ «Գ. Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնում» բնակվող արցախցիների կենսապայմաններին, լսել յուրաքանչյուրի անհատական խնդիրները։
Իմ լիազորությունների շրջանակում ամեն ջանք դնելու եմ, որպեսզի բարձրացված խնդիրները ստանան պատշաճ լուծում»։
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ-ի՝ Բաքվին ականապատ քարտեզներ տրամադրելու մտադրության մասին հայտարարությանը։ Ըստ այդմ՝ Ադրբեջանն ի գիտություն է ընդունել այդ հայտարարութունը։ Ըստ նրանց՝ թեեւ մինչ այդ փոխանցված քարտեզներում նշված է եղել, որ այդ տարածքներում թաղված է 400 հազար ական, ադրբեջանական կողմի գնահատմամբ, ականների քանակը գերազանցում է 1 միլիոնը։ Ըստ նրանց՝ 2020թ. հետո, որտեղ տեղակայված են եղել ռուսական խաղաղապահ ուժերը, ավելի քան 500 հազար ական է տեղադրված եղել։
«Հայկական կողմի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ նրա մտադրությունը մարդասիրական գործընթացին աջակցելը չէ, եւ այդ քայլը չի կարելի գնահատել որպես վստահության ամրապնդման միջոց: Ադրբեջանական կողմը սպասում է, որ Հայաստանը ներկայացնի ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք մինչ այժմ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին: Դրա հետ մեկտեղ, պետք է անհետաձգելի միջոցներ ձեռնարկվեն վերջին 30 տարում անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաեւ ադրբեջանցիների զանգվածային թաղման վայրերի մասին Հայաստանի կողմից տեղեկատվություն տրամադրելու նպատակով»,- ասված է նրանց ԱԳՆ հայտարարության մեջ: