ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2023-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում, ինչպես 2022-ին, ներառված են մի շարք ՏՏ ընկերություններ։ Ստորեւ ներկայացնում ենք այս ընկերությունների թոփ տասնյակը։

 

2023-ին ՏՏ ընկերություններից առաջին տեղում է հայտնվել «ՎԻԷՄ Արմենիա»-ն (Veeam Armenia)` 7,165,807,000 դրամ հարկերով, եւ զբաղեցրել է ընդհանուր ցուցակում 36-րդ տեղը այն դեպքում, երբ 2022-ին այս ընկերությունը զբաղեցնում էր ցուցակի 106-րդ տեղը՝ 2,636,640,000 դրամ հարկերով։ ՏՏ ընկերությունների 2022-ի ցուցակում «ՎԻԷՄ Արմենիա»-ն զբաղեցնում էր երրորդ տեղը եւ փաստացի երկու կետով բարելավել է դիրքերը եւ դարձել առաջինը։

«Սինոփսիս Արմենիա» (Synopsis Armenia) ընկերությունը, որը 2022-ին ՏՏ ընկերությունների ցուցակում զբաղեցնում էր առաջին տեղը (1000 խոշոր հարկատուների ընդհանուր ցուցակում՝ 60-րդը), այս տարի զբաղեցրել է 58-րդ տեղը ընդհանուր ցուցակում եւ երկրորդը ՏՏ ընկերությունների մեջ՝ 5,270,593,000 դրամ վճարած հարկերով։

Երրորդ տեղում է «Էպամ Սիսթեմզ» (EPAM)՝ 4,759,328,000 դրամ հարկերով, եւ զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 65-րդ հորիզոնականը։ 2022-ին «Էպամ Սիսթեմզ»-ը հարկատուների ընդհանուր ցուցակում 78-րդն էր՝ 3,642,418,000 դրամ հարկերով, իսկ ՏՏ ընկերությունների վարկանիշային աղյուսակում՝ 3-րդ տեղը։ Ընկերությունը մոտ  110 մլն դրամ պակաս հարկ է վճարել անցած տարի։

ՏՏ ընկերություններից ամենաշատ վճարած հարկերով չորրորդ տեղում է «Պիկսարտ»-ը (Picsart, 83-րդ տեղը ընդհանուր ցուցակում), որն անցած տարի վճարել է 3,729,260,000 դրամ հարկ։ 2022-ին այս ընկերությունը երկրորդ տեղում էր ՏՏ ընկերությունների մեջ (66-րդը ընդհանուր ցուցակում)՝ 4,077,923 դրամ հարկերով։ Ընկերությունը մոտ 300 մլն պակաս հարկ է վճարել 2023-ին։

Ցուցակի հինգերորդ տեղն է զբաղեցնում «Դատա Արտ»-ը (DataArt), որը 2023-ին վճարել է 2,872,616,000 դրամ հարկ եւ զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 114-րդ հորիզոնականը։ Այս ընկերության հարկերը մոտ 100 մլն դրամով նվազել են 2022-ի համեմատ՝ 2,903,213,000 դրամ։ Խոշոր հարկատուների ցանկում ընկերության դիրքերը եւս փոխվել են. 2023-ին այն զբաղեցրել էր 95-րդ տեղը։ ՏՏ ընկերությունների 2022-ի ցուցակում «Դատա Արտ»-ը զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը։

«Սերվիսթայթան արեվելք»-ը (Service Titan) 2023-ին հայտնվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակի 116-րդ հորիզոնականում՝ 2,840,598,000 դրամ հարկերով։ 2023-ին այս ընկերությունը բարելավել է իր դիքերը ընդհանուր հարկատուների ցուցակում, եւ մոտ 900 մլն ավելի հարկ է վճարել՝ 2022-ին վճարած 1,983,784,000 դրամի համեմատ։ ՏՏ ընկերությունների ցուցակում այս ընկերության դիրքերը մնացել են նույնը. այն զբաղեցնում է 6-րդ տեղը։

Հաջորդ՝ 7-րդ տեղում է «Վիէմուեր Իսթերն Յուրոփ»-ը (Vmware, ընդհանուր ցուցակում 155-րդն է), 2,016,393,000 դրամ հարկերով։ 2023-ին այս ընկերությունը մոտ 400 մլն դրամով ավելի հարկ է վճարել, նաեւ իր դիրքերն է բարելավել ընդհանուր հարկատուների ցուցակում (162-րդը): ՏՏ ընկերությունների 2022-ի ցուցակում 8-րդն էր, այսինքն՝ մեկ տեղով բարելավել է իր դիրքերը։

Թոփ տանսյակի 8-րդ հորիզոնականում է «Դեվսոֆտ ԷյԷմ» (DevSoft, ընդհանուր հարկատուների ցուցակում 177-րդը), որն անցած տարի վճարել է 1,754,125,000 դրամ, այսինքն՝ մոտ 300 մլն դրամով պակաս, քան 2022-ին (1,466,960,000 դրամ)։ ՏՏ ընկերությունների 2022-ի ցուցակում այս ընկերությունը զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը, այսինքն՝ մեկ կետով զիջել է դիրքերը։

Ցուցակի հաջորդ՝ 9-րդ տեղում է «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ը (EGS, 202-րդ ընդհանուր ցուցակում)՝ իր 1,568,395,000 դրամ հարկերով։ Ընկերությունը, 2022-ի համեմատ, 2023-ին մոտ 400 մլն դրամով պակաս հարկ է վճարել։ 2022-ին 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում էր 136-րդ տեղը, իսկ ՏՏ ընկերությունների վարկանիշային աղյուսակում՝ 7-րդ հորիզոնականը, այսինքն՝ երկու կետով զիջել է դիրքերը։

Թոփ տասնյակը եզրափակում է «Քվանտորի ԱՄ»-ը (Quantori, 205-րդը ընդհանուր ցուցակում), որը 2023-ին վճարել է 1,539,782,000 դրամ հարկ։ 2022-ի համեմատ՝ ընկերությունը մոտ 10 մլն դրամ պակաս հարկ է վճարել։ 2022-ի ՏՏ ընկերությունների ցուցակում «Քվանտորի ԱՄ»-ը 2022-ին զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը, այսինքն՝ 2023-ին այն մեկ կետով զիջել է իր դիրքերը։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ: Այդ մասին  հայտնում են ԱԺ-ից:

 

Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է ղազախ գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խումբը յուրահատուկ կամուրջ է երկու երկրների հարաբերություններում:

Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել իրենց կառույցի՝ մոտ երեք տասնյակ տարվա հասնող գործունեությունը՝ նշելով, որ հետեւում են վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթացող շինարարությանը եւ հետաքրքրված են մեր երկրում աշխատանքներ ծավալելու հնարավորությամբ:

Ղազախստանից ժամանած գործարարները նաեւ պատրաստակամություն են հայտնել հայ գործընկերների հետ կիսվել իրենց փորձով եւ գիտելիքներով:

Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին իրականացվող մեծածավալ շինարարությունը, որն ընդգրկում է եւ՛ բնակարանաշինությունը, եւ՛ ենթակառուցվածքները, հնարավոր համարել հոլդինգի հետ համագործակցությունը:

Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ն. ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՄՐՑՈՒՅԹԸ ԴԵՌ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

2022թ.-ին  սկսվել է Իջեւան- Գանձաքար-Իծաքար-Նավուր- Բերդ ավտոճանապարհի մաս կազմող Գանձաքար-Իծաքար 35 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցապատումը։ Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 4,5 միլիարդ դրամ: Ռազմավարական նշանակություն ունեցող, Տավուշի մարզկենտրոն Իջեւանը Բերդ քաղաքին կապող, Տավուշի սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհի կառուցապատումը նախատեսված էր ավարտել 2023թ.-ին , սակայն գործը ձախողվել է։ Այդ ճանապարհի կառուցապատումն իրականացրած «Խաչհար» ՍՊԸ-ն 2022 թվականին 6 կիլոմետրանոց հատվածում թույլ, չամրացված գրունտի վրա ասֆալատապատում է կատարել, որի հետեւանքով ասֆակտը քանդվել է, այդ 6 կիլոմետրի մի մասը նորից են ասֆալտապատել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել Գանձաքար-Իծաքար ճանապարհը կառուցապատող ընկերության մասին: Մարզպետի պատասխանում նշված է. «Գանձաքար-Իծաքար ճանապարհի աշխատանքների մրցույթը դեռ չի կայացել նախորդ շինկազմակերպության կողմից դատական պրոցեսի պատճառով»:

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք կատարել բարձրագույն կրթություն չունենալու եւ կամավոր ատեստավորումից բացասական արդյունք ունենալու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչների թվի մասին։ Մարզպետարանից պատասխանել են, որ 2023-2024 ուսումնական տարվա նախաշեմին եւ ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից բարձրագույն կրթություն չունենալու եւ կամավոր ատեստավորումից բացասական արդյունք ունենալու պատճառով ներկա դրությամբ աշխատանքից ազատվել է 22 ուսուցիչ: Բուհի դիպլոմ չունեցած եւ կամավոր ատեստավորումից բացասական արդյունքներ ունեցած, հանրակրթական դպրոցներում աշխատանքը կորցրած ուսուցիչների մեջ մեծ թիվ են կազմում փորձառու, ուսուցչական աշխատանքի տասնյակ տարիների փորձ ունեցող ուսուցիչներ:

 

 

ԳԱՐՇԱՀՈՏԸ ԽԵՂԴՈՒՄ Է  

Իջեւանի  համայնքի  Լուսաձոր գյուղի կողքով՝ միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները զգում են ծանր հոտ, որը Լուսաձորի անասնապահական ֆերմայի եւ նույն տարածքում առկա պանրագործարանի գործունեության հետեւանք է: Այդ գարշահոտի վերաբերյալ 12 տարի բազմաթիվ բողոքներ ենք ստացել Տավուշի մարզի բնակիչներից, բազմիցս բարձրացրել ենք  այդ խնդիրը, սակայն հարցը չի լուծվում: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի ֆերման ստեղծվել է 2012թ.-ին՝ Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոն համագործակցության շրջանակներում: 2016-ի ամռանը Լուսաձորում ոչնչացրել, հորել են Լուսաձորի պանրագործարանում արտադրված 3.5 տոննա պանիրը:

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ 




Լրահոս