Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցել է միջին մասնագիտական կրթություն ունեցող 894 ուսուցիչ, որոնցից 354-ն են ատեստավորվել։
Այս մասին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով միջին մասնագիտական կրթության եւ կամավոր ատեստավորումը չհաղթահարելու պատճառներով աշխատանքից ազատված ուսուցիչների թվին ու նրանց՝ աշխատանքի վերականգնվելու հնարավորությանը:
Անդրադառնալով միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների խնդրին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ նրանք արդեն ավելի քան 10 տարի տեղյակ էին, որ մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը կարող են շարունակել աշխատանքն առանց բարձրագույն կրթության: Այս ուսումնական տարում օրենքի փոփոխությամբ ամրագրվել է, որ եթե միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կամավոր ատեստավորում անցնեն եւ ատեստավորվեն, ապա կշարունակեն աշխատել:
«Վերջին շրջանում այս ուսուցիչները մտահոգ են: Նրանցից շատերը բազմափորձ, բավականին բարձր արդյունավետություն ունեցող ուսուցիչներ են, որոնք չեն կարողացել հաղթահարել կամավոր ատեստավորումը: Մենք չենք ուզում, բնականաբար, կորցնել այս ուսուցիչներին եւ նրանց առաջարկել ենք, որ այն ուսուցիչները, որոնք պատրաստ են բարձրագույն կրթություն ստանալ, պատրաստ ենք աջակցել իրենց»,-հավաստիացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ներկայում հավաքագրվում են միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների տվյալները, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ:
Սվաջյանի խոսքով՝ պետության կողմից նրանց աջակցություն կցուցաբերվի ուսման վարձի փոխհատուցման տեսքով:
Բացի այդ, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կարող են շարունակել գործունեությունը, եթե հաջորդ տարի կրկին մասնակցեն կամավոր ատեստավորմանը եւ բավարար արդյունքներ գրանցեն:
«Բայց քանի դեռ այս պայմաններից որեւէ մեկն իրենք չեն ապահովել, չեն կարող շարունակել, որովհետեւ դա օրենքի պահանջ է, եւ որեւէ մեկը չի կարող իր ցանկությամբ փոխել այն»,-ընդգծեց փոխնախարարը:
Ըստ նրա՝ բարձրագույն կրթությունը շարունակելու դեպքում այս ուսուցիչները կարող են աշխատանքը շարունակել միայն բուհն ավարտելուց հետո, սակայն օրենքը նաեւ սահմանում է, որ վերջին կուրսում նրանք կարող են կամավոր աշխատել, բայց վճարվել գյուղական դպրոցներում, որտեղ ուսուցչի կարիք է զգացվում:
Խոսելով կամավոր ատեստավորման մասին՝ փոխնախարարը նշեց, որ կարգի համաձայն՝ բոլոր այն ուսուցիչները, որոնք երկու տարի շարունակ չէին հաղթահարել ատեստավորումը եւ 50-59-ը միավորի սանդղակում չէին իրենց արդյունքներով, կամ երկու տարվա ընթացքում 15 տոկոսից ավելի աճ չէին գրանցել, ապա պետք է ազատվեին աշխատանքից, բայց «Հանրակրթության մասին» օրենքի վերլուծությունը ցույց տվեց, որ կամավոր ատեստավորման գործընթացը պարտադիր ատեստավորման հետ համադրելու խնդիր կա, եւ առաջիկայում օրենքի փոփոխություն կիրականացվի: Հետեւաբար, այս ուսուցիչներից որեւէ մեկն աշխատանքից դուրս չի մնացել. նրանք շարունակում են աշխատել եւ հաջորդ տարի եւս կարող են մասնակցել ատեստավորմանը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՅՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԱՆՀԱՏԻՆ
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել ու բարելավվել են «Կանանց աջակցման կենտրոն»-ի գրասենյակը եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանները:
«Ընտանեկան բռնության ենթարկված կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի եւ ապաստարանների բարելավման» ծրագիրն ամփոփող միջոցառման ժամանակ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական ընդգծեց, որ այս համագործակցությունը ուղղված է պաշտպանելու այն կանանց ու երեխաներին, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության:
«Ծրագիրը կարեւոր է նրանով, որ այն ուղղված է անմիջապես անհատին: Ճապոնիայի կառավարությունը շատ ուրախ է, որ ծրագրի շրջանակներում իրականացված վերանորոգումը, տրամադրած սարքավորումները եւ գույքը կծառայի հենց ընտանեկան բռնության ենթարկված անհատներին»,- ասաց Աոկի Յուտական:
Դեսպանը նշեց, որ կենտրոնի հետ համագործակցությունը կլինի շարունակական` ընդգծելով, որ Ճապոնիայի դեսպանությունը բաց է նման ձեւաչափով ցանկացած համագործակցության համար:
«Կանանց աջակցման կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել ու բարելավվել են կենտրոնի գրասենյակի տարածքը եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանները:
«Ծրագրի շրջանակում տրամադրվել են տարբեր տեսակի սարքավորումներ, որոնց շնորհիվ բարելավվել է մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ այն դարձնելով ավելի մատչելի», – ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով կենտրոնի դիմելիությանը` նա նշեց, որ միայն 2023 թվականի ընթացքում կենտրոնը գրանցել է ավելի քան 4000 հեռախոսազանգ: Ապաստարանային ծառայության շրջանակում աջակցել են 265-ից ավելի կանանց եւ երեխաների: Կենտրոնի կողմից իրականացվել է 1000-ից ավելի սոցիալական խորհրդատվություն, եւ 160-ից ավելի քրեական եւ քաղաքացիական գործեր մտել են դատարան:
Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ նախորդ տարիների համեմատ՝ կենտրոն հաճախողների թիվը մեծացել է:
ՀՀ ԱՍՀ նախարարության մարդկանց թրաֆիքինգի եւ կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանն էլ, կարեւորելով «Կանանց աջակցման կենտրոն»-ի դերը, նշեց, որ արդեն 4-րդ տարին է, ինչ կենտրոնի հետ համագործակցում են:
«Համագործակցության շրջանակում նախարարությունը համաֆինանսավորում է «Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից գործարկվող թվով երկու ապաստարանների գործունեությունը: Մենք նաեւ ունենք հուշագիր «Կանանց աջակցման կենտրոն»-ի հետ, որի շրջանակում յուրաքանչյուր տարի վերապատրաստումներ ենք իրականացնում ոլորտի առաջնագծում աշխատող մասնագետների հետ»,- ասաց Բոստանչյանը:
Բոստանչյանն ընդգծեց, որ 2023 թվականին Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում գործող կանանց աջակցման կենտրոնների ծառայություններից օգտվել է ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 1860 անձ։ Ըստ նրա՝ թիվը ամեն տարի ավելանում է:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՀՍՏԱԿ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՉԿԱ
«Կենդանիների խնամքի կենտրոն»-ի տնօրեն Հարություն Առաքելյանը կարծում է, որ թափառող կենդանիների հետ կապված խնդիրները շատ են, որովհետեւ ոլորտում որեւէ հստակ կարգավորում չկա. կա ոլորտի համալիր օրենսդրական կարգավորումների բացը լրացնելու կարիք:
«Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկման ժամանակ Երեւանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը նշեց, որ շատ հանդիպումներ են ունեցել Ազգային ժողովի գործընկերների հետ օրենսդրական բացը լրացնելու համար:
«Այժմ կա նախագիծ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին, որով, կարելի է ասել, մեծ մասամբ կկարողանանք կանոնակարգել ոլորտը։ Նախագիծը դեռ քննարկման փուլում է»,-ասաց Առաքելյանը:
Ըստ նրա՝ Երեւանում վերջին տարիներին թափառող շների գլխաքանակը կրճատվել է` շնորհիվ ստերջացման ծրագրի, սակայն դեռ կան թափառող շներ, որոնց բռնելը շատ դժվար է, իսկ այդ կենդանիները շարունակում են ձագեր ունենալ։ Առաջիկայում «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները կկարողանան այդ շներին եւս բռնել եւ ստերջացնել։
«Կենտրոնն արդեն մի քանի տարի է՝ թափառող կենդանիներին ստերջացնում, թեստավորում եւ պատվաստում է կատաղության դեմ, նախորդ տարվանից նաեւ վերապատվաստում եւ բաց է թողնում: Ստերջացման մեջ նաեւ իր տեղն ունի վարակիչ հիվանդությունների կանխարգելումը։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ այս մասով աշխատանք իրականացվում է միայն Երեւան համայնքում եւ քիչ թե շատ այն համայնքներում, որոնք պայմանագրային հիմունքներով ստերջացման ծրագիր են իրականացնում»,- նշեց նա:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե շատ կենդանիներ ՀՈԱԿ-ում անհետանում են՝ խնամքի կենտրոնի տնօրենը պատասխանեց, որ այդ դիտարկումը չփաստարկված է։
Նա պարզաբանեց, որ որոշ կենդանիներ կարող են բերվել կենտրոնի կլինիկա եւ օրենսդրության համաձայն տարբեր պատճառով ենթարկվել քնեցման կամ պահվել կենտրոնում, ինչպես նաեւ լինում են դեպքեր, որ թափառող կենդանիներին ոչ թե պահում են կազմակերպությունում, այլ, ելնելով նրանց անվտանգությունից, բաց են թողնում այլ տարածքում:
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ