2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային. ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը շարունակում է հանդիպում-քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Տեխնիկական թվացող այս գործընթացի հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է, նպատակը` պացիենտներին որակյալ դեղերով ապահովելը, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահելը»,- կարևորելով այս բարեփոխումը՝ նշել է ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը:

Բժշկի նշանակումից մինչև դեղատնից դուրսգրում՝ էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական հետագիծը ներկայացրել է «Արմեդ» էլեկտրոնային համակարգի ծրագրերի ղեկավարը` հավաստիացնելով, որ տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանալու, միայն պետք է, որ դեղատունը միացած լինի «Արմեդ» համակարգին, իսկ էլեկտրոնային համակարգում քայլերն առավել քան պարզ կլինեն:

Հանդիպմանը նաև առցանց մասնակցում էին տասնյակ դեղագետներ, դեղագործներ ու բուժաշխատողներ հանրապետության բոլոր մարզերից: Նրանց բարձրացրած հարցերն ու դիտարկումները հաշվի կառնվեն էլեկտրոնային առողջապահական համակարգն առավել ճկուն դարձնելու համար:

Քննարկումները շարունակվելու են:

Հիշեցնենք, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել.
անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը.
հակավարակային (հակաբակտերիային,հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկներն ու իմունոգլոբուլինները).
հորմոնային և միզոպրոստոլ դեղերը:

2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային:




Լրահոս