Մեղրիում հիվանդությունների թիվն ավելանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում հանքարդյունաբերության արտանետումների հետեւանքով ավելացել է հիվանդությունների թիվը: Այս մասին ահազանգում են ոչ միայն բնապահպանները, այլեւ տարածաշրջանի բնակիչները:

Մեղրիի ավագանու անդամ Կարեն Ադամյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ կրկնակի աճել է օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունների թիվը: Սակայն այս խնդիրն ամենեւին էլ չի մտահոգում հայրենի իշխանությանը, քանի որ տարածքում հանքավայրերի շահագործման թույլտվությունները գնալով ավելանում են:

Հիշեցնենք, որ Մեղրի քաղաքի ավագանին 2013թ. ուղերձով դիմել էր Սերժ Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով հանքարդյունաբերության հետեւանքով տարածաշրջանում առաջացած խնդիրներին: Մեղրեցիներն առավելապես մտահոգված էին Լիճքի, Տաշտունի, Լիճքվազ-Թեյի հանքավայրերին տրված արտոնագրերով: Նրանք նշում էին, որ այդ հանքավայրերի շահագործման դեպքում Մեղրիում է՛լ ավելի կսրվեն հիվանդությունները, անկում կապրի հողի բերրիությունը, կաղտոտվի եւ ոռոգման համար ոչ պիտանի կդառնա Մեղրի գետը:

«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր խորհրդի անդամ, բժիշկ Նվարդ Խաչատրյանի խոսքով՝ այս խնդիրը նոր չի առաջացել: «Ամեն դեպքում, այդքան էլ բարենպաստ տարածքում չենք ապրում: Եվ հանքարդյունաբերության ոլորտում տարբեր կազմակերպությունների աշխատանքներն առավել են բարդացնում ստեղծված վիճակը: Մարդիկ ցանկանում են ունենալ համապարփակ վիճակագրական հետազոտություն, որը բացակայում է, տվյալներ, թե այժմ ինչ վիճակում է տարածաշրջանը: Ոչ բոլորն են իրազեկ այս խնդիրներին»,- ներկայացրեց Նվարդ Խաչատրյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հանքարդյունաբերության հետեւանքով տուժում է ոչ միայն տարածաշրջանի բնակչությունը, այլեւ գյուղատնտեսությունը. «Չէ որ տարածքում այն հիմնական ապրուստի միջոց է համարվում»:
Մեզ հետ զրույցի ընթացքում Ն. Խաչատրյանը հայտարարեց նաեւ, որ Մեղրիի ավագանու անդամները, որոնք այս խնդրի հետ կապված ուղերձ էին հղել Սերժ Սարգսյանին, պատասխան չստացան:

«Իրենք հետեւողական չեղան եւ պարզ չէ, թե ինչու ավագանին ընդհանրապես լռեց դրա մասին: Սա իսկապես լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանի բնակչությանը եւ շրջակա միջավայրին»,- նկատեց մեր զրուցակիցը:
Սակայն Մեղրի քաղաքի ավագանու անդամ Կարեն Ադամյանը հակառակը պնդեց. «Թող ՀՀ կառավարությունը մտածի, ինչ որ քայլ ձեռնարկի: Մենք ավագանու անդամներով նամակ ենք գրել ե՛ւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ե՛ւ հանրապետության նախագահին: Սրանով փորձեցինք իրազեկել պաշտոնատար անձանց: Մենք՝ մեղրեցիներով, անհամբեր սպասում էինք պետական աջակցության: Մինչդեռ պատասխան նամակ ստացանք, ըստ որի՝ Մեղրիում 14 հանքի թույլտվություն է տրվել»:
Ավագանու անդամի ունեցած տեղեկություններով՝ Մեղրիում օնկոլոգիական հիվանդությունների թիվն ավելացել է: «Ես կասեի՝ կրկնակի է ավելացել: Ավելացել է նաեւ արյան բարձր խտություն եւ արյան բարձր ճնշում ունեցող հիվանդների թիվը: Արի ու տես, որ այս հիվանդություններն ունեցող մարդիկ գնում հասնում են Երեւան եւ իրենց լավ են զգում, այնտեղ ամենեւին էլ առողջական խնդիրներ չեն ունենում: Իսկ Մեղրիում ունենում են, դա կարող են բոլորն էլ հաստատել»,- նկատեց Ադամյանը:
Իսկ ահա ավագանու մեկ այլ անդամ` Մակար Բեգլարյանը, տարակուսեց՝ հայտարարելով, որ ինքը հստակ տվյալներ չունի, թե հանքարդյունաբերությունն ինչքանով է վնաս հասցնում բնակչությանն ու շրջակա միջավայրին:
Մենք Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից հետաքրքրվեցինք` տեղյա՞կ են մեղրեցիների եւ ավագանու անդամների այս դժգոհություններից, թե ոչ: Պարզվեց, սակայն, որ համապատասխան բաժինը տեղյակ չէ: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչքանով է ստեղծված պատկերը կապված հանքարդյունաբերության հետ:

Լուրջ հետազոտություններ են պետք: Մենք չենք ունեցել նման բողոք: Ավելի շատ բնապահպանական խնդիրներ են առաջ քաշում եւ դա զուտ առողջապահական համակարգի խնդիր չէ: Մենք լուրջ ուսումնասիրություններ իրականացնելու համար հնարավորություններ չունենք եւ ոչ էլ լիազորված ենք»,- տեղեկացրեց բաժնի պետ Նունե Հարությունյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս