Ղրիմահայերի կոչը Ռուսաստանին միանալն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ուկրաինացիներն, ամենայն հավանականությամբ, կկորցնեն Ղրիմը. մարտի 16-ին տեղի կունենա հանրաքվե:Մենք Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանի հետ զրույցում փորձեցինք պարզել հայ համայնքի դիրքորոշումը:

-Ինչպիսի՞ն է իրավիճակը հայ համայնքում: Ի՞նչ տրամադրություններ են գերիշխում՝ ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ:

-Ղրիմում ժողովրդի 65 տոկոսը էթնիկ ռուսներ են եւ նրանց մեծ մասը ցանկություն ունի միանալ Ռուսաստանին: Երկու օր առաջ Ղրիմի հայկական խորհուրդը ժողով անցկացրեց եւ մենք այդ ժողովի ժամանակ կարծիք հայտնեցինք, որ ժողովուրդը ցանկանում է միանալ Ռուսաստանին: Այսինքն՝ այսօր Ղրիմահայոց ընկերությունը կոչ է անում միանալ Ռուսաստանին: Իսկ հիմա նորմալ է ու առայժմ խաղաղ ենք:

-Հայկական գործոնը օգտագործելու վտանգ կա՞՝ հաշվի առնելով, որ ունեցանք երկու հայ զոհ եւ, առհասարակ, Ուկրաինայի Ներքին գործերի նախարար նշանակվեց ազգությամբ հայ Արսեն Ավակովը:

-Մենք մինչ վերջերս այդ դեպքերի մասին ոչ մի կարծիք չէինք արտահայտել եւ ոչ մի կոչ էլ չէինք արել: Սակայն երբ Ղրիմը հայտարարեց իր անկախության մասին, մենք արդեն իրավունք չունենք լռելու: Իսկ հայկական գործոնը օգտագործելու վտանգ ես չեմ տեսնում:

-Այսօրերին ՀՀ իշխանությունները, մեր դիվանագիտական կորպուսը, Սփյուռքի նախարարությունը կապ պահպանո՞ւմ են Ձեր հետ, կամ աջակցություն ցուցաբերո՞ւմ են:

-Սփյուռքի նախարարությունից զանգահարում են մեկ- մեկ, երկու- երեք օրը մեկ: Ուկրաինայում Հայաստանի դեսպանն է զանգահարում ու իր տեսակետն ասում, որ զգույշ լինենք: Մենք այդպես էլ անում ենք: Անկախ պետություն է եւ մենք մեր տեսակետը հայտնել ենք: Մի խոսքով, շփում կա, սակայն գործնական աջակցություն չկա: Աջակցություն ոչ այն ժամանակ է եղել, ոչ էլ հիմա կա: Ընդամենը երեխաների համար գրքեր են տալիս, իսկ այլ աջակցություն երբեւէ չի եղել:

-Իսկ ինչո՞ւ, փորձե՞լ եք հասկանալ:

-Ինչ իմանամ, դուք եք Հայաստանում, ի՞նձ եք հարցնում:

-Ղրիմում որքա՞ն հայ կա եւ որքանով են նրանք ազդեցիկ: Առհասարակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նրանց բիզնեսն արդյոք տուժո՞ւմ է:

-Այստեղ մոտավորապես 30 հազար հայ կա եւ ազդեցության տեսանկյունից ոչ մի ազդեցություն չունենք: Այս տասը տարիների ընթացքում ոչ մի հայ ոչ մի պաշտոն չունի եւ մեր ձայնը ոչ մեկ չի լսել: Հուսով ենք, որ անկախ Ղրիմում մեր ձայնը կլսեն եւ մենք կկարողանաք առավել ակտիվ գործունեություն ծավալել, մեր իրավունքները պաշտպանել: Իսկ ինչ վերաբերում է բիզնեսներին, բոլոր ազգերի բիզնեսներն էլ տուժում են, քանի որ Ղրիմը զբոսաշրջային կենտրոն է, եւ մենք ապրում ենք զբոսաշրջիկների հաշվին: Ձմեռը յոլա ենք գնում, գարնանը, աշնանը, ամռանը ժողովուրդն աշխատում եւ կարողանում է ապրել: Իհարկե, լարված իրավիճակի պատճառով բոլորս էլ անհանգստացած ենք, որ եթե զբոսաշրջիկները քիչ եղան, ֆինանսական վիճակը կվատանա, բայց հուսով ենք՝ դա չի լինի, քանի որ դեռ ամեն ինչ խաղաղ է գնում:

-Դուք՝ որպես Ղրիմի հայ համայնքի նախագահ, վտանգ չե՞ք տեսնում, որ Ուկրաինայի պառակտման արդյունքում Ղրիմի եւ Ուկրաինայի այլ մարզերի հայկական համայնքների միջեւ խնդիրներ կառաջանան:

-Եթե ուզենան գան կպնեն հայերին, ապա պատճառը միշտ էլ կա: Այսօրվա աշխարհում հնարավոր չի առանձին ապրել: Պետք է այնպես անել, որ մի թիմի մեջ լինենք: Պետք է մաքուր ապրենք, ուզում ենք խաղաղություն լինի: Հայերս պատրաստ ենք աշխատել, ստեղծել եւ ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում: Իսկ թե հիմար մարդը ինչ կասի մեզ, դա չի հետաքրքրում, մենք պետք է խելացի մարդկանց լսենք: Կրկնում եմ՝ մենք կոչ ենք արել միանալ Ռուսաստանին, իսկ թե ով ում հետ կցանականա լինել, դա իր իրավունքն է: Ղրիմը Հայաստանի չափ է ու մենք ոչ մեկի ձեռքը չենք կարող բռնել եւ ասել՝ սա արա, այն մի արա: Մենք միայն կոչ ենք արել, ընդամենը կոչ:

-Ինչ եք կանխատեսում, անարյուն կանցնի՞ անջատման այս գործընթացը, թե՞ հնարավոր են բախումներ:

-Գիտե՞ք, Ղրիմի կյանքում ոչ մի բան չի փոխվել, երեխաները հանգիստ դպրոց են գնում ու ամեն ինչ կարգին է: Իսկ թե հետո ինչ կլինի, դա ոչ ոք չի կարող ասել: Այսքանը:

Քնար Մանուկյան




Լրահոս