Արմավիր քրեակատարողական հիմնարկում արշալույսները խախաղ չեն լինելու: Բանտում իրարանցում է եւ այն կապված է նորանշանակ պետի հետ:
Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ Արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:
Բանն այն է, որ երկար տարիներ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում աշխատած ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ նախկին պետ Արսեն Արզումանյանն այդպես էլ օպերլիազորից ՔԿՀ պետ չդարձավ: Եթե որպես ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ` նա աշխատեց ընդամենը երեք ամիս եւ հասցրեց անաղմուկ հեռանալ պաշտոնից, ապա նախորդից մեկ ամիս էլ ավել նա «Սեւան» ՔԿՀ-ի պետ է աշխատում, ու այս ընթացքում քրեակատարողական հիմնարկից միայն բողոքներ էին հասնում:
Այսպիսով՝ քրեակատարողական օրենսգրքի (ՔԿՕ) 83-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից եւ տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից եւ տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տեւողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում՝ այն կարող է երկարաձգվել եւս 10 րոպեով: Մինչդեռ մամուլից հայտն էր դարձել, որ նոր պետի օրոք թույլատրվում է դատապարտյալներին զանգահարել ընդամենը մեկ անգամ եւ ոչ ավելին, քան 15 րոպեով: Ընդ որում՝ հեռախոսն ընդամենը մեկ հատ է՝ մոտ 200 դատապարտյալի համար, իսկ անվճար զանգերի մասին խոսք անգամ չկա: Արդյունքում իր ողջ բարոյական հետեւանքներով հանդերձ՝ հերթեր են գոյանում զանգահարելու համար, մանավանդ, որ հեռախոսազանգերի տրամադրումը կատարվում է մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
Հաջորդ խնդիրը կապված է դատապարտյալներին հանձնուքներ եւ ծանրոցներ ուղարկելու հետ: Ըստ ՔԿՕ 81-րդ հոդվածի առաջին կետի` դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչեւ 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք եւ ծանրոց: Սակայն սահմանափակում դրված չէ, թե մեկ հոգին քանի դատապարտյալի կարող է հանձնուք փոխանցել, ընդամենը պետք է լինի դատապարտյալի գրավոր համաձայնությունը, որը նախատեսված է օրենքով: Բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՔԿՀ պետ Արսեն Արզումանյանը որոշել է, որ մեկ հոգին հանձնուք կարող է փոխանցել միայն մեկ դատապարտյալի: Խնդիրն այն է, որ, օրինակ, մեկ անձը կարող է ունենալ մի քանի բարեկամ դատապարտված կամ, ուղղակի, մեկի հարազատը մյուսի հարազատին խնդրի, որ եթե գնում է ՔԿՀ, իր դատապարտյալին էլ հանձնուք փոխանցի, ինչը դարձել է անհնար: Այստեղ ՔԿՀ պետը քրեական ենթամշակույթի տարրեր է տեսնում, իսկ դատապարտյալների հարազատները բացատրում են, որ չեն ասում, թե 200 դատապարտյալի համար հանձնուք են տանելու, բայց գոնե թիվ սահմանեն՝ երկու-երեք հոգու համար, հատկապես, երբ մեկ այլ մարզից մեկ այլ մարզ են գալիս՝ «Սեւան» ՔԿՀ հասնելու համար: Ընդ որում՝ ընդունարան հասնելու համար էլ պետք է դեռ երկար ճանապարհ անցնել՝ ոտքով ու ծանր բեռով, քանի որ հիմնարկի տարածք մեքենայով մուտքն արգելվում է:
Քնար Մանուկյան