Միանշանակ Արցախում երեխաները կուռ ու համառ էին ծնվում, հաստատակամ ու անդրդվելի: Չգիտեմ, լեռների ամրություններ էր ձուլվել նրանց մեջ, թե բնությունն էր պահանջում այդպիսին ծնվեին, բայց փաստ է, որ հատկանիշները վաղուց են դիմագծում նրանց: Այս հատկանիշները բնութագրական են նաև փոքրիկ Դենիսի համար, որ սեպտեմբերին է Արցախից բռնի տեղահանվել Հայաստան:
Արցախից բռնի տեղահանվելով՝ 9-ամյա Դենիսի ընտանիքը բնակություն է հաստատել ՀՀ Էջմիածին քաղաքում: Դենիսն Էջմիածնում արդեն դպրոց է հաճախում, սովորում է 4-րդ դասարանում: Առաջին իսկ օրվանից դպրոցում սիրվել ու աչքի է ընկել իր կարգապահությամբ, խելացիությամբ ու ընկերասիրությամբ: Վերջերս ուսուցչի հանձնարարականի համար էլ զբաղեցրել է առաջին տեղը, իսկ աշխատանքն էլ փակցվել է դպրոցի ցուցատախտակին՝ լավագույն շարադրությունների կողքին: Շարադրությունում փոքրիկ Դենիսը իր մանկական անմեղ հայացքով պատկերել է Արցախը՝ շրջափակման ու պատերազմի օրերին, խոսել իր զգացողությունների մասին ու ցույց տվել իր լավատեսությունն ապագայի նկատմամբ:
«Կար-չկար մի երկիր, որին բոլորը Հայրենիք էին անվանում: Աշխարհից կտրված, լեռների մեջ ծվարած այդ երկիրը այնքան փոքր էր, որ ոչ մի երկիր հաշվի չէր նստում նրա հետ: Այդ երկրի բնակիչները սովորական մարդիկ չէին: Նրանք ուժեղ, հայրենասեր, բայց մի քիչ միամիտ մարդիկ էին: Այդ երկրում թևածում էր մի երազանք՝ միանալ իրենց Մայր հայրենիքին:
Մի չարաբաստիկ օր, երբ Աստված այցելել էր հզոր երկրներին, ու Հայրենիքը մնացել էր մեն-մենակ, հարևան երկրի չար թագավորը փակեց այդ երկրի դարպասները, որ իրենց մոր հետ կապ չպահեն և իրեն ենթարկվեն:
Մարդիկ չհուսահատվեցին. ինը ամիս ապրում էին կարիքի ու սովի մեջ. լույս ու գազ չկար, որ տաքանային, աղ ու հաց չկար, որ սնվեին: Չար թագավորը որոշեց կաշառել նրանց. դարպասների մոտ կանգնեցրեց պարենով լի մեքենաներ: Բայց նրանք անհողդողդ էին: Չնայած իրենց երեխաները սոված ու մերկ էին, բայց չէին ուզում ընդունել թշնամու կաշառքը՝ մտածելով, որ դրանով կդավաճանեն իրենց Հայրենիքին: Հույսով սպասում էին, որ Աստված շուտով կգա, իսկ Աստված ուշանում էր:
Մի օր էլ չար թագավորը որոշեց ուժով գրավել այդ երկիրը: Կեսօրին կրակ ու ավեր թափեց այդ երկրի վրա: Մարդիկ, արհամարհելով սովն ու հիվանդությունը, զենք առան ու սկսեցին պաշտպանել իրենց երկիրը՝ Աստծո դրախտը: Իսկ Աստված ուշանում էր, և մարդիկ հույսը դրին «սպիտակ» մարդկանց վրա, որոնք խաբեցին ու թողեցին նրանց մենակ: Հայրենիքցիները ժամ առ ժամ զոհվում էին: Նրանք որոշեցին գնալ Աստծո հետևից, որին, պարզվում է, մեծ ու հզոր երկրները բանտարկել են ու պահում են ամպերի մեջ:
Վաղ առավոտյան նրանք նստեցին մեքենաները և գնացին իրենց մոր մոտ՝ հարցնելու, թե ինչու իրենց մենակ թողեց:
Մայր հայրենիքն ասաց.
-Զավակնե՛րս, ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Ես կբուժեմ ձեր վերքերը, կփայփայեմ ձեզ, մինչ Աստված կայցելի մեզ:
Ու մինչ օրս էլ սպասում են հայրենիքցիները Աստծո և Հայրենիքի միությանը:
Սա սովորական հեքիաթ չէ, դրա համար էլ երկնքից երեք խնձոր չի ընկնում, որովհետև հայրենիքցիները վաղուց չեն հավատում հեքիաթների»,- գրել է Դենիսը՝ շարադրությունը վերնագրելով «Չլսված հեքիաթ»: