«Օրեո» թխվածքաբլիթները երկար տարիներ եղել են բազմաթիվ երեխաների մանկության անբաժան մասը: Նրանց մի մասը նշել է, որ այն ուտելու լավագույն տարբերակը երկու մասի կիսելն ու յուրաքանչյուր բլիթն առանձին վայելելն է, իսկ մյուս մասը նախապատվությունը տվել է կաթի մեջ թաթախված ամբողջական բլիթներին:
ArmLur.am-ն այսօր կներկայացնի թխվածքաբլիթի ստեղծման պատմությունն ու դիզայնի իմաստը:
Թխվածքաբլիթը սկսել է արտադրվել 1912 թվականին և քաղցրավենիքի շուկայում դարձել 20-րդ դարի խորհրդանիշներից մեկը՝ դառնալով Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառվողը:
Արտադրող «Թխվածքաբլիթների ազգային ընկերությունը» (Nabisco) հիմնվել է 1898 թվականին՝ մի քանի կազմակերպությունների միացման արդյունքում: Առաջին արտադրանքը շուկայում հայտնվել է 1902 թվականին. այն իրենից ներկայացրել է կենդանաբանական այգու պատկերով տուփ, որում եղել են կենդանիների պատկերներով թխվածքաբլիթներ: Հաջորդ արտադրանքը «Hydrox» կոչվող թխվածքաբլիթն է, որը համարվում է հայտնի «Oreo»-ի նախատիպը:
Թխվածքաբլիթի անվան ծագումը հստակ չէ. վարկածների համաձայն՝ այն առաջացել է ֆրանսերեն «ոսկի» կամ հունարեն «լեռ» բառերից: Ոմանք էլ կարծում են, որ անվանումն անմիջականորեն կապված է կառուցվածքի հետ՝ «cream» բառի «re» «միջուկին» եզերում են թխվածքաբլիթի երկու «Օ»-երը:
Քաղցրավենիքի դիզայնը վերջնականապես ձևավորվել է 1952 թվականին և այդ ժամանակվանից ի վեր գրեթե փոփոխություն չի կրել: Դրա նախշերի վերաբերյալ կարծիքները տարբեր են՝ տաճարականների միաբանությունը խորհրդանշող խաչերից մինչև մասոնական նշաններ:
Արդյո՞ք դավադրության տեսության հեղինակները չափազանցնում են, թե թխվածքաբլիթի հեղինակներն իսկապես ցանկացել են ինչ-որ բան ասել: Հայտնի է, որ այդ ժամանակաշրջանում թխվածքաբլիթների վրա կրոնական սիմվոլներ էին դաջում:
Թխվածքաբլիթի վրա առկա երկթևանի խաչը կրկնում է Լոթարինգիայի խաչը, որը հիշեցնում է Տաճարական միաբանության ասպետներին, ինչպես նաև 4 տերևներով ծաղիկներ, որոնք նույնպես հիշեցնում են 12-րդ դարի ասպետներին հատուկ «Երուսաղեմի խաչը»:
Անկախ անվան ծագումնաբանությունից կամ դիզայնի իմաստային առանձնահատկություններից՝ առ այսօր վաճառվել է ավելի քան 491 միլիարդ «Oreo» թխվածքաբլիթ:
Հուրի Բաղդասարյան