Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի հետ ArmLur.am-ը զրուցել է նույն խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի առեւանգման աղմկահարույց դեպքի մասին։
-Տիկի՛ն Աղեկյան, վերջին օրերին քաղաքական դաշտում ամենաբուռն քննարկվող թեման Ձեր թիմակցի՝ Նարինե Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են: Նա ոստիկանություն դիմում էր ներկայացրել, որ իրեն առեւանգել են, սպառնալիքներ են հնչեցրել իր հասցեին, եւ այդ պատճառով նա ստիպված է եղել լքել երկիրը: Կցանկանամ՝ մանրամասներ հայտնեք, թե Դուք ինչ տեղեկություններ ունեք, եւ արդյոք միջադեպից հետո Ձեզ հաջողվել է կապ հաստատել նրա հետ:
-Շատ ցավալի երեւույթ է տեղի ունեցել. Երեւանի ավագանու անդամ հանդիսացող անձի հանդեպ բռնություն է տեղի ունեցել իրեն դեմոկրատ հռչակած երկրում: Ցանկացած քաղաքացու հանդեպ բռնի ուժի կիրառումը, նրա առեւանգումը, տեւական ժամանակով նրան ազատությունից զրկելը եւ նրա հետ հոխորտալից զրույց ունենալը, բնականաբար, հենց այնպես չեն արվում, եւ մենք հասկանում ենք , որ Նարինե Հայրապետյանը, որը հանդիսանում էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, կոշտ քննադատություն էր հնչեցնում գործող իշխանության հասցեին, եւ քանի որ գործող իշխանությունը չկարողացավ միանձնյա քաղաքապետ նշանակել այսօր քաղաքապետ աշխատող անձին, իրենց սպասարկող երրորդական խմբակի ղեկավարության հասցեին եւս կոշտ քննադատական վերաբերմունք ուներ եւ այդպիսի ելույթներ էր հնչեցնում: Բնականաբար, ես քանի որ չունեմ հստակ տեղեկություն, թե ում կողմից է կիրառվել այդ բիրտ ուժը, ուղղակի կարող եմ ասել, որ իր քաղաքական գործունեության հետեւանքով այս ամենի ականատեսը մենք եղանք: Հունվարի 15-ի վաղ առավոտյան է տեղի ունեցել դեպքը Նոր Նորքում, դրանից հետո Նարինե Հայրապետյանին ես անձամբ հանդիպել եմ ամսի 16-ին քաղաքապետարանում, եւ արդեն, որքան տեղյակ եմ այդ մասին, նա հաղորդում է տվել, ինչին հաջորդեց երկրից իր փախուստը: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող իշխանությունը, իրավապահ մարմինները հնարավորինս արագ բացահայտեն բոլոր մեղավորներին, կանչեն նրանց պատասխանատվության, որպեսզի հետագայում նման երեւույթները կանխվեն: Եթե անպատժելիության մթնոլորտ է առաջանում, իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ դեռեւս չկան մեղավորներ, կալանավորված անձինք, որոնք ոչ միայն ՀՀ քաղաքացու են առեւանգել, այլեւ բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող Երեւանի ավագանու հանդեպ են այդպես վարվել, ինչը կրկնակի վտանգավոր է իրեն ժողովրդավար հռչակած ՀՀ-ում, եւ պատկան բոլոր մարմինները պատասխանատվություն ունեն այս դեպքը բացահայտելու:
-Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ իրավական գործընթացը ինչ փուլում է, քանի որ վերջերս Քննչական կոմիտեն իրադարձությունների մասին հակասող հայտարարություն տարածեց, որ Նարինե Հայրապետյանի կողմից հայց է ներկայացվել, եւ Նարինե Հայրապետյանն ասել է, որ իրեն ոչ ոք չի առեւանգել, ինքը քաղաքական նկրտումներով է նախորդ հայտարարությունը տարածել: Սա ի՞նչ է:
-Անձամբ զրուցել եմ եւ հստակ գիտակցում էի իրավիճակը, բայց, անկախ իմ վերաբերմունքից, իրավապահ մարմինները պետք է հստակ, ապացույցներով այդ ամենին անդրադառնան, որպեսզի հասարակության համար հստակեցվի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Այս պահին գործը Քննչական կոմիտում է գտնվում, կա քրեական վարույթ, եւ վարույթի շշրջանակներում ավելի ճիշտ կլինի, որպեսզի Քննչական կոմիտեն հստակ իրականացնի իր լիազորությունները եւ ասի, թե ինչի հետեւանքով է այդ ցուցմունքը գրվել: Մնացածի առումով պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը: Շատ կարեւոր է բոլոր դեսպանատների վերաբերմունքը այս բռնի ուժի կիրառմանը:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՐԽԻԱՅԻ ԳՆՈՎ
«2011-2012թթ.-ին, երբ արդեն ակնհայտ էր, որ Նիկոլի միտքը պղտոր է այն առումով, որ նա իր սեփական ամբիցիաները վեր է դնում շարժման նպատակներից, այդ ժամանակ շատ լուրջ քննարկում եղավ նա հետ»,- «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարիներ առաջ կուսակցության շրջանակներում ունեցած հարաբերություններին։
«Քննարկվում էր՝ արդյոք պետք է հիմա խզել կապերը Նիկոլ Փաշինյանի հետ, թե փորձել փոխել նրա մոտեցումները։ Կային մարդիկ, որոնք կողմ էին առաջին տարբերակին, կային մարդիկ, որոնք երկրորդ տարբերակին էին կողմ, մեղքը իմն էր, ինձ վրա դրվեց այդ հարցը որոշելու խնդիրը։ Ինձ ասացին՝ որպես համակարգող դու որոշի՝ գնում ես, Նիկոլին հե՞տ ես բերում, թե՞ խզում ես հարաբերությունները նրա հետ։ Ես որոշեցի, որ պետք է այնուամենայնիվ Նիկոլին հետ բերել։ 3-ժամանոց խոսակցություն ունեցա նրա հետ ԱԺ-ի այգում, փորձում էի նրան բացատրել իր սխալները, որ կարելի է մի կողմ դնել այդ ամեն ինչը ու միասնական օրակարգով գնալ առաջ։
Այդ խոսակցությունը ինչ-որ ազդեցություն ունեցավ, բայց դա մի քանի շաբաթվա ազդեցություն էր։ Դրանից հետո մեզ համար ակնհայտ դարձավ, որ ինքը լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։ Մեզ հետ կապված որեւէ հակասություն նա թաքցնում էր մինչեւ պառլամենտ մտնելը. հիմա հասկանում ենք, որ դա նրան պետք էր պառլամենտ մտնելու համար։ Մտնելուց հետո ինքը խզեց մեզ հետ իր հարաբերությունները»,- ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահն անդրադարձավ նաեւ 2008 թվականի իրադարձություններին ու այն հարցադրմանը՝ ինչ կլիներ, եթե տեղի չունենային մարտի մեկի իրադարձությունները։
«Չէր լինի նիկոլիզմի այս մղձավանջը։ Մարտիմեկյան իրադարձությունները այնպիսի մեծ ատելություն բերեցին ժողովրդի մեջ հետհոկտեմբեր27յան ռեժիմի նկատմամբ, որ ժողովուրդը պատրաստ էր ցանկացած գին վճարել, այդ թվում՝ հակապետական անարխիայի գնով, միայն թե ազատվի նրանցից։
Ժողովուրդը պատրաստ էր Նիկոլի նման մարդուն բերել իշխանության։ Խնդիրն այն էր, որ հայրենասիրությունը, Ղարաբաղը պահելը սկսել էր ասոցացվել թալանի, ռեպրեսիաների հետ։ Նիկոլը հակապետական անարխիզմի արտահայտությունն էր, դրա համար եմ ասում՝ եթե մարտի մեկը չլիներ, չէր լինի Նիկոլը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Այդ մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Ղարիբաշվիլին։
«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք թիմի հետ։ Այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին. գրում է թՐցջՌÿ Online-ը։
Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2013 թվականին։ Նա այս պաշտոնում փոխարինել էր «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, սակայն հրաժարական էր տվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ին։ Այնուհետեւ Վրաստանի վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիին փոխարինել էր Գիորգի Կվիրիկաշվիլին։
Մինչ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելը Իրակլի Ղարիբաշվիլին գլխավորում էր երկրի պաշտպանության գերատեսչությունը, իսկ երկրորդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի փետրվարի 22-ին՝ փոխարինելով Գիորգի Գախարիային։
Ըստ առկա տեղեկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլիին այս անգամ վարչապետի պաշտոնում կփոխարինի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ
Տնտեսագետ Տիգրան Մուրադյանը սոցցանցի իր էջում գրել է. «Իշխանությունների լեքսիկոնը թերեւս հասկանում են միայն իրենք, եւ պատահական չէ, որ խաղաղության պայմանագիրը կամ խաչմերուկը մնացել են միջազգային քաղաքական պահանջարկից զուրկ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի, ճանաչելով Արցախի Հանրապետությունը, հայտնվում է Ադրբեջանի կազմում, ուրեմն վերջինիս չճանաչելու դեպքում պետք է հայտնվի Ադրբեջանի կազմից դուրս։
Բառախաղի վրա կառուցված ՀՀ արտաքին քաղաքականության հերթական ֆարսը Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է, որը ոչ միայն վաղուց կորցրել է ուժը, այլեւ վերաբերվում է ԱՊՀ ստեղծմանը եւ ԽՍՀՄ զինված ուժերի հետագա իրավական հարցերին։
Հ.Գ. Եթե Ալմա-Աթայի պայմանագիրը ունի իրավական ուժ, ուրեմն ՌԴ-ն ճանաչում է Վրաստանի կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։