Նախօրեին՝ բանակի 32-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մի շարք մանրամասներ բացահայտեց, թե հայկական կողմն ինչ առաջարկներ է արել Ադրբեջանին։
Նա նշեց, որ իրենք անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ են առաջարկել Ադրբեջանին:
«Օրինակ՝ զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Մենք նաեւ սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նաեւ խոսեց երաշխիքների մասին, որոնք ակնկալում է ՀՀ-ն Ադրբեջանից։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը, իր ինքնիշխան տարածքից բացի, որեւէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, եւ որեւէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որեւէ տարածքի նկատմամբ.
«Մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատեւ եւ անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»,- հստակեցրեց նա։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ՀՀ իշխանությունների առաջարկները նոր չեն աշխարհի համար, քանի որ նման որոշ մեխանիզմներ մինչեւ վերջերս գոյություն ունեին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում մինչ ուկրաինական զարգացումները։
Նրա խոսքով՝ դրանք ըստ էության սառեցվեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների եւ Արեւմուտքի հետ արդեն առճակատման նոր փուլի մեկնարկի ֆոնին։
Ըստ Խրամչիխինի՝ դա, օրինակ, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինությունների կրճատման պայմանագիրն է, որը միտված է միջուկային սպառազինության վերահսկմանը, եւ իրականում հարաբերություններում մի շարք ճգնաժամեր այս պայմանագիրը հաղթահարել է, սակայն վերջին տարիների ընթացքում դա այլեւս չհաջողվեց։
Նա նաեւ չի բացառում, որ այս առաջարկներն արվում են Արեւմուտքի հորդորով, քանի որ ՀՀ-ն ներկայումս ինտենսիվ շփվում է Արեւմուտքի հետ։
«Այնուամենայնիվ, Արեւմուտքում եւս պետք է որ լավ իմանան, որ նման անհավասարակշիռ իրավիճակում այս առաջարկները տեղին չեն, սակայն դրանց բարձրաձայնումը եւս մեկ անգամ շեշտում է ռեգիոնալ բարդ իրավիճակը ու Ադրբեջանի դիրքավորումը, որը եւս, սակայն, Ադրբեջանում կարծես շատ քչերին է հուզում, քանի որ նրանք լրջորեն փորձում են օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից, աշխարհում այսօր քչերին է նաեւ հետաքրքրում Հայաստանն ու Ադրբեջանը. այստեղ արտաքին դերակատարների խնդիրն աշխարհաքաղաքական նոր քարտեզներ ստեղծելն է, դրանց նախկին սահմանները փոխելը»,- ասաց Խրամչիխինը։
Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւն անդրադարձել էր նաեւ սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկին։ Ըստ նրա՝ նման առաջարկություն արել է ոչ միայն Երեւանը, այլեւ մի շարք այլ երկրներ։
«Ինձ մի քանի գործընկերներ խնդրեցին, որ զորքերը հայելային հետ քաշվեն։ Ես հարցրեցի՝ ո՞ւր։ Նրանք ասացին՝ որտեղից եկել են։ Ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքո՞ւ վերադառնանք։ Մենք այս տարածքներում չենք եղել արդեն 30 տարի։ Եթե այս տարածքները սահման լինեին, եւ Հայաստանը դա ճանաչեր՝ որպես սահման, ապա դա կնշեր։ Բայց ինքը դա սահման չէր համարում, կարծում էր, որ իր սահմանը Աղդամում է։ Հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ուստի, մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի ո՛չ 2021 թվականի մայիսին, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի»,- հայտարարել էր Ալիեւը։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱՂԵՏԱԼԻ ԽԱՂ ԽԱՂԱՑԻՆ»
«Նոր եւ անվտանգային սպառազինությունների ձեռք բերման ճանապարհով ենք գնում, վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հայկական բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր խոսքում:
«Պետք է բարձր եւ ուղիղ խոստովանել, որ անվտանգության եւ այդ համակարգերի բանաձեւերի մասին մեզանում եղած պատկերացումները աղետալի խաղ խաղացին մեր գլխին, եւ ՀՀ-ի համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային համակարգերի դիվերսիֆիկացումը: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:
Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը աննախադեպ՝ մի քանի հարյուր միլիարդ դոլարի պատվեր ունի ՀՀ կառավարությունից»,-նկատեց վարչապետը՝ նշելով, որ աշխատանքները շարունակվելու են, բոլոր հնարավոր ձեւերով պաշտպանվելու են ՀՀ տարածքն ու Հայաստանի անկախությունը, պետականությունը:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջեւ էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական եւ այլ ոլորտներում սերտ փոխգործակցության եւ համատեղ նախագծերի իրականացման կարեւորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության:
Օգտվելով առիթից՝ նախարար Միրզոյանը եւս մեկ անգամ ՀՀ կողմից ցավակցություն է հայտնել տարեսկզբին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաեւ որպես տարածաշրջանում հարատեւ խաղաղության ապահովման առհավատչյա։
Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի եւ դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:
ՉԻ ՇԵՂՎԵԼՈՒ ՕՐԱԿԱՐԳԻՑ
«Չեմ կարող չանդրադառնալ նաեւ տարբեր կողմերից եւ, մասնավորապես, Ադրբեջանից հնչող մի շարք ագրեսիվ հայտարարությունների՝ կապված Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների, սպառազինության եւ տեխնիկայի ձեռք բերման հետ: Արդեն ասացի, որ ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, եւ որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որեւէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը, կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ:
«Կրկին արձանագրում եմ, որ, Հայաստանի Հանրապետությունը, իր ինքնիշխան տարածքից բացի, որեւէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, եւ որեւէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ, մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև եւ անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից:
Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով, եւ, բացի դա, անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ՝ զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ:
Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի, եւ Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները՝ Հայաստանի վերահսկողության ներքո:
Մենք նաեւ սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- ասել է Կառավարության ղեկավարը:
Վերջինս ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ չի շեղվելու այդ օրակարգից: