ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն:

 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվել է նախազգուշացում. հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ դատավորը չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից շեղվելը եւ մինչդատական վարույթն ավարտված լինելու եւ գործով վարույթը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից ստանձնած լինելու պայմաններում բեկանել է Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը՝ մեղադրյալ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխելով տնային կալանքով: Նշված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց զերծ մնալու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի խախտման:

Միաժամանակ խորհուրդը տեղեկացնում է, որ խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը եւ Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս դեպքի վերաբերյալ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը սոցցանցի իր էջում գրում է.

«ԲԴԽ-ն Նիկոլ Փաշինյանի որդու գործով որոշման համար նախազգուշացում է հայտարարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին՝ այն պատճառաբանությամբ, որ Փաշինյանի որդուն «առեւանգողի» նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառված խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով փոխելիս նա շեղվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավակարգավորումներից, քանի որ վարույթն այդ պահին ուղարկված է եղել դատարան, թեեւ դատական քննության փուլում դեռեւս անդրադարձ կատարված չի եղել մեղադրյալի խափանման միջոցին։

Մինչդեռ, նույն դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, բեկանելով մինչդատական վարույթում կալանքի մերժման վերաբերյալ դատական ակտը, կալանավորել էր մեղադրյալին, որի վերաբերյալ քրեական գործն արդեն վաղուց դատարան էր ուղարկվել, եւ դատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը նույն ԲԴԽ-ն մերժեց այն պայմաններում, որ դատավոր Դանիելյանի արարքում իսկապես կոպիտ խախտում կար, իսկ դատավոր Հովհաննիսյանը նման խախտում թույլ չի տվել։ Իսկ գիտե՞ք՝ ինչու … որովհետեւ Արմեն Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահին կալանավորած, իշխանության սրտի դատավորն է, իսկ Գրիգոր Հովհաննիսյանը՝ ՀՀ լավագույն դատավորներից մեկն է, ով հանդգնել է իրենց «շեֆի» որդու գործով օբյեկտիվ լինել»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարուժան Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես 1-ին հրաձգային գումարտակի 2-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, 2023թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասում խոսակցություն է ունեցել նույն զորամասի հրամանատար Գուրգեն Դալլաքյանի հետ զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ, որը վերածվել է վիճաբանության:

Վ. Սիմոնյանը բռնություն է գործադրել Գ. Դալլաքյանի նկատմամբ՝ աչքերի մեջ փչելու եղանակով կիրառել է արցունքաբեր գազ, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ Գ. Դալլաքյանին պատճառելով ֆիզիկական ցավ եւ նվաստացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան։

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Կալավան բնակավայրում հայտնաբերվել եւ բաժին է տեղափոխվել 34-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով՝ քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղափոխություններ են եղել, ըստ այդմ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ:

Արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել է Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:

Արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Երանոսյանին:

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՉԻ ԴԻՄԱՑԵԼ ՑԱՎԻՆ

Հունվարի 25-ին Մեծամորի Մայիսյան գյուղում աղմկահարույց դանակահարությունը ողբերգական հետեւանքներ է ունեցել։

Մասնավորապես, ArmLur.am-ին  հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դանակահարված՝ 1990 թվականին ծնված Մ. Գրիգորյանի հայրը, իմանալով, որ որդին վիճաբանության մեջ է եղել, ու նրան դանակահարել են, վատացել է։ Հարազատները մինչեւ դանակահարվածի հորը հասցրել են հիվանդանոց նա մահացել է։

ArmLur.am-ը գրել էր, որ մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն է եղել Մեծամորի Մայիսյան գյուղում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահների խումբ են ուղարկել գյուղ՝ արյունահեղությունը կանխելու համար։

Ըստ համայնքի բնակիչների՝ գյուղի երկու բնակիչներ վիճել են, ու սկսվել է կռիվ, ինչի ժամանակ 1994 թվականին ծնված երիտասարդը հանել է դանակը ու սկսել անխնա դանակահարել գյուղի 1990 թվականին ծնված բնակչին։

Իրավապահները հասել են դեպքի վայր ու դանակահարվածին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Դանակահարողին փնտրում են։

Ի դեպ, վիճաբանողները հարեւաններ են ու նաեւ բարեկամներ։

Ավելին՝ մասնակից են եղել Սգո արարողությանը, որից հետո վիճաբանել են, եւ 1994 թվականին ծնված Հ. Հակոբջանյանը դանակահարել է Մ. Գրիգորյանին։

Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Նշենք, որ Մարսել Գրիգորյանը դեպքից առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել, ու միգուցե նրա հայրը, անհանգստանալով, որ վիրահատած որդուն դանակահարել են, չի դիմացել ցավին ու մահացել է։

Ի դեպ, իրավապահները փնտրում են Հ. Հակոբջանյանին։

 

 

 

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգում Արմավիրի բանտի կալանավորներն ու նշում, որ բանտի պատժախուց են տեղափոխում այն կալանավորներին, որոնք պայմանների հետ կապված աղմուկ են բարձրացնում։

Ավելին՝ փնտրում են այն կալանավորին, որը բանտում առկա վիճակի մասով ահազանգել է ArmLur.am-ի խմբագրություն:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Արմավիրի ՔԿՀ-ի կալանավայրից Աշոտ Հարությունյանը (հարգելի պատճառով անունը փոխված է), որը խնդրում է օգնել Արմավիրի բանտում առկա իրավիճակում։

Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՔԿՀ-ում անմարդկային պայմաններ են. «Ջուրը խմելու չի, տառականները լցվում են մեր բերանները, օդորակիչի մասին բազմիցս բարձրաձայնում են, խեղդվում են, օդ չկա շնչելու: Լավ, մենք մարդ ենք, ո՞նց կարելի է մեզ հետ այսպես վարվել»։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս