Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներդրվում է աուդիտի ինստիտուտ։ Ճանապարհների անվտանգության աուդիտը դառնում է պարտադիր։ Ներկայում Հայաստանի ոչ բոլոր ճանապարհների անվտանգության աուդիտ է իրականացվում։ Այն ճանապարհները, որոնք կառուցվում են վարկային միջոցներով, ըստ պայմանագրի պահանջի, պարտադիր աուդիտ իրականացվում է, մյուսների դեպքում՝ ոչ։ Օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ անվտանգության աուդիտը վերաբերելու է Հայաստանի բոլոր ճանապարհներին՝ անկախ նրանից՝ կառուցվել, հիմնանորոգվել է վարկային, թե պետական միջոցների հաշվին։ Մանրամասնելով օրենսդրական փոփոխությունները՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային քաղաքականության բաժնի պետ Արեւհատ Պողոսյանը նշեց, որ կսահմանվեն ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման, ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտի հետ կապված դրույթները:
«Ճանապարհների շինարարության, հիմնանորոգման, կառուցման ժամանակ պարտադիր պետք է իրականացնենք աուդիտի գործընթաց։ Դա նշանակում է, որ նախագծումից սկսած մինչեւ վաղ շահագործման փուլեր մենք աուդիտ ենք իրականացնելու։ Աուդիտ ասվածը ենթադրում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության տարրերի ապահովման հարցը՝ օրինակ՝ ճանապարհային նշանը ճիշտ տեղում է, թե ոչ, ճանապարհի թեքությունը որքանով է ճիշտ, անդրադարձ է կատարվելու լուսավորությանը, գծանշումներին։ Կատարվելու է ճանապարհային երթեւեկության վերլուծություն, վեր են հանվելու վթարների պատճառները, ըստ դրանց էլ՝ աուդիտի ընթացքում ուշադրություն է դարձվելու ճանապարհների կահավորման, անվտանգության հետ կապված խնդիրներին»,-ասաց Արեւհատ Պողոսյանը։
Օրենքով նախատեսված է, որ միջպետական նշանակության ճանապարհների անվտանգության աուդիտը կիրականացվի 2025 թվականի հուլիսի 1-ից, հանրապետական նշանակության ճանապարհներինը՝ 2026 թվականի հունվարի 1-ից, տեղական նշանակության ճանապարհներինը՝ 2027 թվականի հունվարի 1-ից։ Արեւհատ Պողոսյանը նշեց, որ աուդիտի ինստիտուտը ներդրվում է փուլային տարբերակով, իսկ մինչ այդ կանցկացվի գործընթաց աուդիտորների պատրաստման ու հավաստագրման, որակավորման ուղղությամբ։
«Աուդիտ իրականացնողը կարող է լինել եւ՛ անձը, եւ՛ կազմակերպությունը։ Սահմանվելու են հստակ չափանիշներ նրանց գործունեության առնչությամբ։ Հավաստագրումը ստանալուց հետո արդեն մրցութային ձեւաչափով աուդիտորները կաշխատեն»,-ասաց Արեւհատ Պողոսյանը։
Աուդիտի գործընթացի առանցքում լինելու են նաեւ ճանապարհների հարակից տարածքում գտնվող օբյեկտների հարցը։ Կհստակեցվեն ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում, բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում եւ պաշտպանական գոտիներում կառուցապատման պահանջները: Արեւհատ Պողոսյանը նկատեց, որ շատ դեպքերում ճանապարհներին կից տարբեր օբյեկտներ են կառուցվում՝ չպահպանելով կառուցապատման նորմերը, ինչը խոչընդոտ է առաջացնում երթեւեկության համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ հանրապետության թունելները։ Սահմանվելու են նոր չափանիշներ։ Արեւհատ Պողոսյանը տեղեկացրեց, որ 3 խոշոր՝ Նալբանդի, Դիլիջանի, Պուշկինի լեռնանցքի թունելների առնչությամբ սահմանվելու են խիստ պահանջներ՝ լուսավորություն, վթարային ելքեր, ռիսկերի կառավարում եւ այլն։ Այժմ թունելների հիմնանորոգման աշխատանքների նախագծման փուլն է։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՉԵՆՔ ՎՆԱՍՈՒՄ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ
Հունվարի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը «Հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գլխավոր տնօրենին աշխատացրել եւ առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից» վերտառությամբ նյութ էր հրապարակել: Հրապարակումից օրեր անց՝ հունվարի 25-ին, Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթին սույն նյութի առնչությամբ հերքման պահանջ է ներկայացրել հետեւյալ բովանդակությամբ.
«ՀԵՐՔՈՒՄ. 11.01.2024թ. «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող ArmLur.am կայքը, հղում կատարելով «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել է «Հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գլխավոր տնօրենին աշխատացրել եւ առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից» հոդվածը։ Հոդվածում, մասնավորապես, նշվել է. «(…) Նարեկ Նալբանդյանը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաեւ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին: (…) Ստացվում է, որ պարտքերով, փակովի տարբերակով տարբեր պրոբլեմատիկ բիզնեսներ ու գույքեր ձեռք բերած, բայց պետությանը «Գոլդեն Փելիսի» գումարը չվճարած եւ ունեցած պարտքերը հաճախ չմարող Նարեկ Նալբանդյանը, որ մարդկանց աշխատեցնում, բայց չի վճարում, անգամ անչափահասներին է շահագործում եւ իրեն իրավունք է վերապահում ագրեսիվ վարքագիծ դրսեւորել: Չնայած վաղուց հայտնի արտահայտություն է, որ «ճշմարտությունը բարձրաձայնողին չեն ընդունում»: Ոչինչ, կդիմանանք եւ կշարունակենք բացահայտումները»։
ArmLur.am կայքը եւ «Ժողովուրդ» օրաթերթը հերքում են, որ Նարեկ Նալբանդյանը աշխատացրել եւ չի վճարել, շահագործել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին»։
Սիրելի՛ ընթերցողներ, ընդառաջելով փաստաբանի դիմումին՝ մենք հրապարակում ենք տեքստը նաեւ այն պատճառով, որ գործ ունենք անչափահասների հետ, որոնց չենք ցանկանում վնասել:
ՍՏՈՒԳԱՅՑԵՐ
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության աշխատակիցները ակտիվ շրջայցեր եւ ստուգայցեր են իրականացնում՝ տնտեսվարողներին ծանուցելու իրենց օբյեկտներին հարող տարածքների ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու պարտականության վերաբերյալ եւ հետեւելու դրա իրականացմանը։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը պարզաբանեց, որ, Երեւանի քաղաքապետի հանձնարարականով, վարչական ղեկավարի անմիջական հսկողությամբ ու Երեւան քաղաքի ավագանու համապատասխան որոշման շրջանակներում, տնտեսվարողները ձյան տեղումներից անմիջապես հետո պետք է իրականացնեին իրենց օբյեկտների դիմաց գտնվող տարածքի ձնամաքրման աշխատանքներ։
«Արաբկիր վարչական շրջանում կան մոտ 2500 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 2300-ն արդեն իսկ ծանուցված է։ Մոտ 150-ի ծանուցումն արդեն ընթացքում է, իսկ մոտ 50 տնտեսվարողի նկատմամբ արդեն հարուցված են վարչական վարույթներ։ Դրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, ովքեր խուսափում են իրենց պարտականություններից»,-տեղեկացրեց Կարապետյանը՝ հավելելով, որ ներկայում համապատասխան ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցերը։
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի խոսքով՝ իրենց աշխատակիցները յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի առձեռն հանձնել են ծանուցագրեր պարտականությունների վերաբերյալ, իսկ նրանք, ովքեր այդ պահին տարածքում չեն գտնվում, ծանուցվում են Հայփոստի միջոցով։
Մեր զրուցակիցը նշեց, որ ծանուցումից հետո պարտականությունները չկատարելու դեպքում վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով տնտեսվարողները ենթարկվում են պատասխանատվության՝ տուգանվելով 15 հազարից 20 հազար դրամի չափով։
ԿՆՈՐՈԳՎԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ
Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի գեղասահքի նախկին մարզադպրոցը: Այս մասին նշվեց հունվարի 29-ին՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:
Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի Երեւան քաղաքի մենապայքարային մարզաձեւերի բարձրագույն վարպետության մարզադպրոց եւ արդիական պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու եւ նոր ձեռքբերումներ գրանցելու համար: