«Այդ տարիքում երեխան դեռ պատրաստ չէ նմանատիպ ինֆորմացիա յուրացնելու»․ սեքսոպաթոլոգը՝ սեռակրթության դպրոցական ծրագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դպրոցական ծրագրում ներառվել է նոր առարկա, որի ընթացքում առողջ ապրելակերպի ձևակերպման տակ 10 տարեկանից սկսած, երեխաներին սովորեցնում են սեռադաստիրակություն և վերարտադրողական առողջություն, մասնավորապես, թե ի՞նչ է անցանկալի հղիությունը, անցանկալի հղիության արհեստական ընդհատումը, ինչ մեթոդներ պետք է կիրառել սեռավարակից ու մարդու իմունային անբավարարությունից (ՄԻԱՎ) պաշտպանվելու համար:

Այս առարկայի դասավանդումը առաջացրել է որոշ երեխաների դժգոհությունը, քանի որ ստիպված են հավելյալ մնալ դպրոցում՝ մինչև ժամը 16։00-ն:

ArmLur.am-ը կապ հաստատեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է ճիշտ ցածր տարիքի երեխաներին դպրոցական ծրագրում ներառել այս նոր առարկան.

«Պետք է հաշվի առնել տարիքային գործոնը, որ անչափ կարևոր է։ Երեխայի զարգացումը երբեք ուղղագծային չէ, այն ունի իր տատանումները, զգայուն շրջանները, հոգեսեռական զարգացման տարիքային առանձնահատկությունները: Այդ տարիքում երեխան դեռ պատրաստ չէ նմանատիպ ինֆորմացիա յուրացնելու։ Բացի այդ, սեռական ոլորտի թեմաներից կարող է խոսել միայն այն մասնագետը, որը ունի համապատասխան որակավորում և մասնագիտացում։ Հակառակ դեպքում՝ հոնքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու։ Չմտածված քայլերի, այդ տեսակի և որակի անառողջ «լուսաբանումների» հետևանքով կարող է խաթարվել երեխայի հոգեսեռական զարգացումը՝ վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրությունների տեսքով»։

Սեքսոպաթոլոգի խոսքով՝ սեռական դաստիարակության դասընթացը պետք է ունենա ծրագիր, որտեղ տրամաբանական փոխկապակցվածության սկզբունքով պետք է ընդգրկված լինեն հիմնական թեմաները՝ սեռական անատոմիայից ընտանիքի պլանավորում։ Ծրագրից դուրս կամայական թեմաների սիրողական քննարկումները ձևավորում են սեռակրթության մասին աղավաղված պատկեր, ինչն էլ առաջացնում է վանողական վերաբերմունք ծնողների կողմից։ Մասնագետը հստակ պետք է իմանա՝ որ թեման, ինչպես մատուցի, ինչ չափաբաժնով և ինչ մեթոդաբանությամբ։ Կարևոր է պահպանել չափի զգացումը և չսրել ավելորդ, երբեմն վտանգավոր սեռական հետաքրքրությունը։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս