Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարի նոյեմբերի 11-ին գրել էր, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
Բանն այն է, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով:
Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել: