ArnLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել։
ArmLur.am-ի հարցմանը ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հայտնաբերված և Կոմիտե ներկայացված Երևան քաղաքի բնակչին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ հակառուսականության այնպիսի ալիք են առաջացրել, որ քաղաքացներից մեկը նախօրեին պղծել է ռուսական դրոշը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ է իրավապահներին հայտնել ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ իրավապահները նրան հարց են տվել, թե ինչու է նման քայլի գնացել ու խուլիգանություն կատարել, 46-ամյա Շիրինյանն ասել է, թե ռուսները մեր նկատմամբ վատ բաներ արեցին. եթե չկա Արցախի հայերի ցեղասպանության ճանաչում, չկան նաեւ Լենինգրադում տուժածներ: Ամեն դեպքում, կատարողը ձերբակալված է։
Ինչպես հայտնի է, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։
«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ տեղադրելով Tik Tok սոցիալական ցանցում»,- գրել է նա:
ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր Բագրատաշենի անցակետից: Նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել են կանխել նրա փախուստը։
Քնար Մանուկյան