Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մինչ այս փոխանցվել է 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ գումար։ Ցույց տանք՝ ինչպես։ ՀՀ կառավարությունը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բռնի տեղահանված արցախցիների համար աջակցության ծրագրի շրջանակներում նրանց տրամադրեցին 100 հազար դրամ միանվագ եւ 40 000+10 000 դրամ։ Ծրագրի իրականացման ընթացքում խնդիրներից խուսափել չստացվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ընտանիքներ կան, որոնք չեն ստացել նշված հատկացումները դեռ հոկտեմբեր ամսից։ Հարց է առաջանում՝ արդյոք 11 մլրդ պարտք ունեցող պետությունը կկարողանա ինտենսիվորեն փոխհատուցել արցախցիներին այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը, 2024 թվականի բյուջեի համաձայն, կկազմի 340 մլրդ դրամ։ ArmLur.am-ը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից տեղեկացել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր հաշվառվել են ավելի քան 115 հազար 500 անձ։ Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ է փոխանցվել արցախահայերին օգնելու համար գործընկեր երկրներից եւ միջազգային կազմակերպություններից։ Այսպես, Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրվել է 2 միլիոն դոլար, որը համարժեք է 820 մլն դրամի, ԱՄՆ-ի կողմից տրամադրվել է 11 մլն դոլար, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, Եվրահանձնաժողովի կողմից փոխանցվել է 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամ, Լատվիայի կողմից հատկացվել է 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամ, Շվեյցարիայի կողմից տրամադրվել է 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամ, Կանադայի կողմից տրամադրվել է 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամ. ստացվում է 155 մլրդ 893 մլն դրամ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայկական Կարմիր խաչին է փոխանցվել 62 մլն դրամ: ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու համար ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ 1 մլրդ 500 մլն դրամ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ՝ 1 մլրդ 375 մլն դրամ, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա՝ 920 մլն դրամ, Շվեյցարական Կարմիր խաչ՝ 190 մլն դրամ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն՝ 82 մլն ՀՀ դրամ: Հետաքրքիր է՝ ինչի վրա են ծախսվել այս միլիարդներն այն դեպքում, երբ ահազանգերը քաղաքացիներից չեն դադարում. նրանք ամիսներ շարունակ չեն ստացել սոցիալական աջակցությունները, կենցաղային, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն:
Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Հանդիպումը իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների եւ Ավինյանի հանդիպումը մոտ 3 ժամ է տեւել ու բավականին հագիստ, ջերմ մթնոլորտում է անցել: Պատգամավորները քաղաքապետից մասնավորապես հետաքրքրվել են ձնամաքրման աշխատանքներից, տրանսպորտի ու աղբի խնդիրներից, ինչպես նաեւ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած թեմաներից՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների համար նախատեսված տուգանքի եւ Օղակաձեւ այգու քանդման գործընթացի մասին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեեւ քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ հնչել են, այդ թվում՝ բացասական, բայց Տիգրան Ավինյանի պարզաբանումները մեծ հաշվով բավարարել են ՔՊ-ականներին:
ՀՀ կառավարությունը նախագիծ է ուղարկել Ազգային ժողով, որը դատական համակարգում մեծ վրդովմունքի առիթ է հանդիսացել։
Մասնավորապես, դատական համակարգում կարծիքներ են հնչում, որ, ըստ նոր նախագծի, դատավորը միայն 65 տարեկանը լրանալու դեպքում կարող է թոշակավորվել, իսկ ԲԴԽ ոչ դատավոր անդամը՝ անկախ տարիքից։
Այսինքն՝ օրինակ՝ ԲԴԽ գիտնական անդամ Երանուհի Թումանյանը, ընդամենը մի քանի տարի աշխատելով ԲԴԽ-ում, 42 տարեկանում պետությունից թոշակ է ստանալու: Նա, լինելով գիտնական անդամ, ե՛ւ բարձր աշխատավարձ է ստանալու, ե՛ւ բարձր թոշակ ամբողջ կյանքում՝ ընդամենը 5 տարի աշխատելով։
Առավել զավեշտալին այն է, որ, ըստ կարգավորման, նման թոշակ ստանալու են միայն այն անդամները, որոնք կդադարեն աշխատել օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ չի տարածվելու նախկին անդամների վրա։ Սստացվում է, որ օրենքի փոփոխություն են անում բացառապես ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի, նրա մտերիմ Երանուհի Թումանյանի, ԲԴԽ անդամ
Վիգեն Քոչարյանի համար, ու դեռ խոսում են դատական համակարգի գրավչության մասին:
Դատական համակարգում կեղծ են համարում նախագծի հիմնավորումը, որը վերաբերում է նաեւ ԲԴԽ դատավոր անդամներին։ Կարծիքներ կան, որ նախագիծը մշակողները, եթե մի քիչ ազնիվ լինեին, գոնե կգրեին, որ նախկին անդամների վրա էլ է տարածվում, կամ բացառություն չէին անի, քանի որ օրենքի լավարկումը, անշուշտ, հետադարձ ուժ ունի: Այդ ձեւակերպումը ակնհայտ ապացուցում է՝ կոնկրետ իրենց նեղ շրջանակի ֆինանսական ապահովվածությունն են երաշխավորում՝ հարկատուների հաշվին։
Ավելին՝ տարակուսանք է առաջացնում օրենքի հիմնավորման նաեւ այն հատվածը, ըստ որի՝ հեղինակների կարծիքով՝ ԲԴԽ դատավոր անդամները ԲԴԽ-ից հետո շարունակում են պաշտոնավարել ու երաշխիքներից օգտվել, իսկ ոչ դատավոր անդամները՝ ոչ։ Պետք է գնահատել հեղինակ-շահառուների անկեղծությունը. նրանք ոչ թե առաքելություն են իրականացնում, այլ եկել են ԲԴԽ՝ հինգ տարի աշխատեն ու ամսական 1 միլիոնից ավելի գումար ստանան, հետո էլ շքեղ ծերություն ունենան:
Բայց չէ՞ որ օրենքի ճիշտ տրամաբանությունը նրանում է, որ այդ անձինք պետք է լինեին գիտնականներ, որոնք որոշակի ժամկետով դատական համակարգում իրականացնեին իրենց առաքելությունն ու գնային էլի գիտությամբ զբաղվելու։ Այսպես ստացվում է, որ «գիտնականները» գալիս են ԲԴԽ՝ դատական համակարգ, ստանում բոլոր դատավորներից ավելի գումար, հետո իրենք իրենց ուղարկում են Վճռաբեկ դատարան կամ էլ վատագույնը՝ տուն՝ ստանալով միլիոնից ավելի թոշակ։
Մնում է սպասել՝ հասկանալու, թե Ազգային ժողովը կբավարարի արդյոք ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ախորժակը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի արձագանքում հանրության կողմից բողոքներին եւ նախարարի հրաժարականի պահանջին: Այս տարի՝ 2024 թվականին, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան Զինված ուժերում, մասնավորապես՝ հունվարի 9-ին ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի՝ 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանի վրա:
Նույն հունվարի 9-ին ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Այդ դեպքերին հաջորդեց հունվարի 14-ի ձնահյուսի տակ մնացած Բենիամին Վալերիի Մանուչարյանի (ծնված 2003 թ․), դեպքը:
Այս դեպքերը հանրային լայն շրջանակներում առաջացրել են ՀՀ ՊՆ նախարարի եւ ԳՇ պետի պաշտոնանկության պահանջ:
ArmLur.am-ը ՀՀ ՊՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝
1.Ի՞նչ է մտածում այս մասին Սուրեն Պապիկյանը:
2.Մարզասրահի բաստկետբոլի վահանակի ու կախիչի համար Նիկոլ Փաշինյանը մարզպետին ու Քաղշինկոմիտեի ղեկավարին հեռացրեց աշխատանքից, իսկ 2 զոհի համար չկա՞ պատիժ: Ի՞նչ է նախաձեռնել ՊՆ նախարարը:
- Հատկապես Վարդենիսի դիրքերում դեպքերը շատ են. ի՞նչ վերլուծություն ունի ՊՆ-ն:
- Նկատում ենք, որ դեպքերից հետո նախարարը գնում է դեպքի վայր, հրապարակվում են նրա խիստ հայացքով լուսանկարները, բայց դեպքերի կրկնությունից չենք խուսափում: Միայն դիրքեր գնալն ու նկարվելը ի՞նչ է տալիս ՊՆ-ին:
Պն գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, մեր այս հարցերին ի պատասխան, գրել էր.
«ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան յուրաքանչյուր դեպքով հարուցվող վարույթներին զուգահեռ՝ անցկացվում են ծառայողական քննություններ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում համակողմանիորեն ուսումնասիրվում եւ վերլուծվում են մահվան դեպքերի հանգամանքներն ու պատճառները, ձեռնարկվում են միջոցներ առկա խնդիրների լուծման, հանցագործությունների կանխման, բացահայտման, կարգազանց եւ օրինախախտ զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Մյուս հարցերը անպատասխան են մնացել: