«Ինձ համար օրհներգը մեր պատմության խորհրդանիշն է». «Juno» մրցանակակիր Սերուժ Գրաճեանը՝ ՀՀ հիմնի փոփոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գրեմմի» մրցանակի առաջադրված եւ «Juno» մրցանակակիր կանադահայ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Գրաճեանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձ է կատարել ՀՀ օրհներգի փոփոխության վերաբերյալ խոսակցություններին:

«Վերջերս «Մեր Հայրենիք»-ի ոչ հայկական լինելու վերաբերյալ կրկին աղմուկ է բարձրացվել ՀՀ պատասխանատու դեմքերի կողմից: Այս դժվար օրերին հատկապես՝ օրհներգի մասին քննարկումը մեր վերջին հոգսը պետք է լինի, սակայն իմ տեսությունը կգրեմ փաստերով», – գրել է դաշնակահարն ու առանձնացրել հետևյալ փաստերը:

Երգի բառերի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, իսկ երաժշտությունն առաջին անգամ հայտնվել է Եզնիկ քահանա Երզնկյանի կողմից կազմված և 1880 թվականին տպագրված «Մանկական երգերի երգարանում»: Սակայն երգարանում նշված չէ, թե ով է հեղինակը: Այն դաշնամուրի համար մշակել է կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզան և 1883 թվականին տպագրել Մոսկվայում, իսկ արդեն 1885 թվականին այն առաջին անգամ կատարվել է Թիֆլիսի «Արծրունու թատրոնում»՝ Կարա-Մուրզայի երգչախմբի կողմից՝ որպես «Իտալացի աղջկա երգը»:

Անդրադառնալով երաժշտության շուրջ բանագողության վերաբերյալ խոսակցություններին՝ կոմպոզիտորը հիշեցրել է, որ Գլազունովի «Ռայմոնդա» բալետը գրվել է 1896 թվականին: Հետևաբար բալետի երրորդ արարի «Հունգարական շքերթ»-ից բանագողություն անել հնարավոր չէր:

Գրաճեանը նշել է նաև, որ Բարսեղ Կանաչյանը, ով ծնվել է 1885 թվականին, երբ Թիֆլիսում առաջին անգամ հնչել է «Իտալացի աղջկա երգը», մշակել է այն և երբեք չի նշել, թե դա իր ստեղծագործությունն է:

Դաշնակահարը նշել է, որ բազմաթիվ օրինակներ կան, երբ երկրի օրհներքը օտար ծագում ունի, սակայն այդ փաստը չի փոխել դրա կարևորությունը. օրինակ, Իսրայելի կամ ԱՄՆ-ի դեպքում:

Իր խոսքը եզրափակելով՝ Սերուժ Գրաճեանը նշել է. «Կասկած չունեմ, որ հայերիս համար շատ գեղեցիկ երգեր կան, որոնք հիանալի հիմն կարող են լինել, սակայն ինձ համար օրհներգը այն մասին է, թե ինչ է խորհրդանշում մեր պատմության մեջ: Կասկած չկա, որ թե՛ 19-րդ դարի վերջին՝ ազգային ազատագրական պայքարի ընթացքում, թե՛ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, թե՛ 1918 թվականին անկախության կերտման ընթացքում և 1988-ից սկսված անկախության շարժման և Արցախի ազատագրման ժամանակ «Մեր Հայրենիք»-ը միավորել է բոլորին՝ պատերազմ գնացող զինվորին ու ժողովրդին: Իսկ անկախության բացակայության ընթացքում սփյուռքում հայ պահել հայերին՝ ստիպելով հավատալ, որ Հայաստանը կրկին ազատ և անկախ է լինելու»:

Հուրի Բասդասարյան




Լրահոս