Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտարարել է, որ մինչև 1000 հոգուց բաղկացած ազգային գվարդիայի գումարտակ է ուղարկում Տեխաս՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, հաղորդում է AP գործակալությունը:
Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ ԱՄՆ մյուս նահանգներն անցած երեք տարիներին ոստիկաններ կամ ազգային գվարդիայի ստորաբաժանումներ են ուղարկել Տեխաս՝ Մեքսիկայից անօրինական ներգաղթը կանխելու համար, գրում է DW-ն։ 2021 թվականի գարնանը դեմոկրատ Ջո Բայդենի՝ Սպիտակ տուն գալուց անմիջապես հետո Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը միգրացիոն ճգնաժամի պատճառով առճակատման մեջ է մտել դաշնային իշխանությունների հետ և նախաձեռնել նրանց հետ չհամաձայնեցված «Միայնակ աստղ» գործողությունը։
Այդ ժամանակից ի վեր Ֆլորիդան դարձել է մեկ տասնյակից ավելի նահանգներից մեկը, որոնք ազգային գվարդիայի ստորաբաժանումներ են ուղարկել Տեխաս: Հանրապետական այլ նահանգներ, այդ թվում՝ Հարավային Դակոտան, Արկանզասը, Օկլահոման, Նեբրասկան, Վիրջինիան և Արևմտյան Վիրջինիան, սահմանափակվել են մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր ազգային գվարդիականներ ուղարկելով: Տասից ավելի նահանգ Տեխաս է ուղարկել մի քանի տասնյակ ոստիկան։