«Անունը փոխեցին, բա բովանդակությու՞նը». փորձագետը՝ «Հայոց պատմություն» դասագրքի անվանումը փոխելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից հայտարարեցին, որ կա նախագիծ, ըստ որի «Հայոց պատմություն» դասագրքի անվանումը պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն», որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները:

Նախորդ շաբաթ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտնել է՝ մի շարք երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, և փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում:

Նոր նախագծի մասին հայտարարությունները առաջացրել են մի խումբ մասնագետների դժգոհությունը:

«Եթե նայում ենք կրթական տեսանկյունից՝ սխալ է դասագրքի անվանումը փոխելը, որովհետև արդեն պատմաբաններն էլ խոսել են այն մասին, որ «Հայոց պատմություն»-ը, որպես հասկացություն, ծավալով ավելի մեծ է, քան «Հայաստանի պատմություն»-ը, և քանի որ մեր պատմությունը զարգացել է նաև Հայաստանից դուրս՝ հետևաբար կարծում եմ, որ այս քայլը տեղին չէ»,- մեզ հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Փորձագետի կարծիքով՝ նախագծի ընթացքը ճիշտ կազմակերպված չէ:

«Նախարարությունը շատ արագ որոշում է կայացրել և դրել հանրային քննարկման, մինչդեռ ուսումնական առարկայի անուն փոխելը չի կարող տեղի ունենալ՝ առանց մասնագիտական շրջանակների: Ենթադրենք թե անունը փոխեցին, բա բովանդակությու՞նը:

Չափորոշիչները արդեն հաստատված են, դասագրքերի մի մասը տպված է, մյուս մասը տպվելու պրոցեսում է, հիմա մենք ի՞նչ ենք անում, կրթության չափորոշիչները փոխու՞մ ենք»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այն, ինչ ասում է նախարարությունը, դա ենթադրում է չափորոշչի ամբողջական փոփոխություն, որովհետև եթե առարկայի անունը փոխվի, բովանդակությունը մնա նույնը, էլ իմաստը չկա :

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս