ՆՈՐ ԱՐՄԵՆԻԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան պերճախոս են դառնում իշխանությունները: Ու թեեւ  գործող իշխանության առաջին դեմքերը` ի դեմս Սերժ եւ Տիգրան Սարգսյանների,  միշտ էլ աչքի են ընկել իրենց ամպագոռգոռ խոստումներով ու անիրատեսական ծրագրերով, այնուամենայնիվ, նրանց յուրաքանչյուր նոր ելույթը գերազանցում է նախորդին` Տիգրան Սարգսյանի խոսքերով ասած` «իրականության հետ ունեցած ճեղքվածքի» խորությամբ: Այս իմաստով բացառություն չէր նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների  միության համագումարում: Իրականում դա ոչ թե ելույթ էր, այլ խոստումների ու դեկլարատիվ ճշմարտությունների մի երկարատեւ շարան, որտեղ գերակշռում էին «պետք է», «հարկավոր է», «անխուսափելի է» եւ նմանատիպ անհասցե ձեւակերպումները. «Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական  կարողությունները բացահայտելու ուղղությամբ», «Մենք պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները», «Մենք պետք է ձեւավորենք ստեղծող հասարակություն, որտեղ գերիշխում են աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը», «Պետք է փոխակերպվեն  մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը եւ, ընդհանուր առմամբ, ՀՀ  քաղաքացին: Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը»… եւ այլն, եւ այլն: «Պետք է»-ների այս անվերջանալի շարանը լսելը թերեւս ավելի տանելի լիներ, եթե այն հնչեր որեւէ ընդդիմադիր գործչի շուրթերից, որը չունի դրանք իրականացնելու լծակներ: Սակայն երբ այդ մասին արդեն չորս տարի շարունակ նույն  տոնայնությամբ խոսում է մի մարդ, ում ձեռքում կենտրոնացած են այդ ամենն իրագործելու բոլոր լծակներն ու մեխանիզմները, դա արդեն պարզապես վերածվում է զավեշտի: Ընդ որում, հավանաբար դա Սերժ Սարգսյանն էլ է գիտակցում, ու թերեւս դրա համար է հպանցիկ  նշում. «Այս ամենի մասին մենք բազմիցս ենք խոսել:  Կոնկրետ գործողություններ էլ ենք կատարել, որոնք արդեն արդյունք են տալիս: Սակայն ես չեմ զլանա ամեն պատեհ առիթ օգտագործել` սա հիշեցնելու»: Անկեղծ ասած, ավելի լավ կլիներ, որ նախագահը հիշեցներ, թե այդ ինչ կոնկրետ քայլեր են արվել, որոնք արդյունք են տալիս: Բայց նա բավարարվում է հերթական խոստումներով. «Կարծում եմ, որ մոտակա ժամանակներում մենք հանրությանը, եւ առաջին հերթին գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ  նաեւ կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում»: Այս կապակցությամբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում գրել էր`  նախընտրական նոր արմենիկում` Սերժ Սարգսյանից:




Լրահոս