Փետրվարի 2-ին Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Մարոկկոյի արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասսեր Բուրիտային։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ողջունելով դեսպան Փոլադյանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարար Բուրիտան դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն` ի շահ հայ-մարոկկական երկկողմ հարաբերությունների զարգացման։
Արշակ Փոլադյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար, անդրադարձել է հայ-արաբական դարավոր առնչություններին, ներկայացրել արաբական երկրների հետ Հայաստանի ջերմ և դինամիկ զարգացող հարաբերությունների ներկա օրակարգը` պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հայ-մարոկկական երկկողմ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու և բազմակողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև ներկայացրել ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հիմքեր կստեղծի տարածաշրջանում երկարատև խաղաղություն և փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար։
Պաշտոնական արարողությունից հետո Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել նաև Մարոկկոյի ԱԳՆ Եվրոպական հարցերով տնօրեն Ադղուղի Ղեդուանի հետ։
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին` կարևորելով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսությունը, ոլորտային համագործակցության զարգացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։