Վրաստանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և կայունության հաստատման համար։ Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի ծրագրում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։ Հայտնի է, որ Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագիրը։
Վրաստանի օրենսդիր մարմինը փետրվարի 8-ին վստահություն կհայտնի վարչապետի թեկնածուին, նրա կառավարության կազմին և ծրագրին։ «Վրաստանը շարունակում է տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարել և այդպիսով իր զգալի ներդրումն ունենալ տարածաշրջանի կայուն զարգացման գործընթացում: Այս տեսանկյունից առաջին հերթին ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղությունը և համագործակցությունը խթանելու հարցում: Այդ նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ամրապնդել հաջող համագործակցությունը հարևան պետությունների հետ, ինչպես նաև շարունակել ազգային շահերի, ռազմավարական գործընկերության և բարիդրացիության հիմքով սահմանների սահմանազատման գործընթացը»,- ասված է ծրագրում, որը հրապարակված է խորհրդարանի կայքում։
Փաստաթղթում ասվում է, որ կարևոր է պահպանել և ամրապնդել երկկողմ ռազմավարական հարաբերությունների առկա բարձր դինամիկան Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է որպես երկրի վարչապետի թեկնածու։ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին։ Ղարիբաշվիլին և Կոբախիձեն փաստացի փոխեցին իրենց դիրքերը։