Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպան Գեորգի Զինովևին հրավիրել է ԱԳՆ՝ բողոք հայտնելու Կորեական թերակղզում լարվածության աճի պատճառների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության կապակցությամբ:
«Մեծ ափսոսանք է առաջացնում, որ ռուսական կողմն աջակցում է Հյուսիսային Կորեային, և որ պետության ղեկավարի արտահայտությունները քննադատվել են ծայրահեղ կոշտ խոսքերով»,- Կորեայի Հանրապետության ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նշել է նախարարի տեղակալ Չոն Բյոն Վոնը, հավելել՝ նման արտահայտությունները կվատթարացնեն երկկողմ հարաբերությունները։
Զինովևն իր հերթին նշել է, որ Հարավային Կորեայի ԶԼՄ-ներում Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մասին տարածվող հաղորդագրությունները, որոնցում հղում է արվում Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ին, անընդունելի են:
Ավելի վաղ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Զախարովայի խոսքերն «անտեսում են ակնհայտ և օբյեկտիվ իրականությունը, որ Հյուսիսային Կորեայի սպառնալից հռետորաբանությունը և շարունակվող ռազմական սադրանքները մեծացնում են լարվածությունը Կորեական թերակղզում և տարածաշրջանում»:
Փետրվարի 1-ին ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ միջուկային խնդրի շուրջ ԿԺԴՀ-ի մասին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոյլի հայտարարությունները կոչված են քողարկելու Փհենյանի նկատմամբ ագրեսիվ ծրագրերը: Նրա խոսքով՝ թերակղզում լարվածության աճի գլխավոր պատճառը «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների լկտի քաղաքականությունն է»: