Թագուհի Թովմասյանն ընդդեմ Լենա Նազարյանի դատական հայցը դատարանը բավարարել էր, և վերջնակետն այն եղավ, որ Թագուհի Թովմասյանը շահեց դատը։
Նազարյանի առաջ հստակ պահանջներ էին դրված. ՀՀ ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել և Թովմասյանին փոխհատուցել 1 մլն դրամ։ Նազարյանը առաջին պահանջը մինչ օրս չի կատարել՝ ներողություն չի խնդրել, իսկ ֆինանսական պահանջը մեղմացնելու համար նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Փաստաբանը մասնավորապես նշել էր, որ այժմ պատգամավորներ Լենա Նազարյանը և ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, վճարունակ չեն, նրանք ապրում են վարկով բնակարանում։
Բանն այն է, որ Նազարյանը 2022 թվականի հայտարարագրում նշել է, որ ունի 2 սեփական բնակարան, որոնք ձեռք է բերված հիփոթեքով, իսկ մեկ անհատական բնակելի տունը ժառանգություն է ստացել։ Նազարյանը նաև ունի վարձակալությամբ հանձնված տարածք, որից եկամուտ է ստանում։
Ամուսիններ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի ֆինանսական եկամուտները գերազանքում են 650 հազար դրամը։ Նրանք միասին տարեկան ստանում են 17 մլն 501 հազար դրամ, նրանց ամսական եկամուտները միասին հաշված կազմում են 1 մլն 458 հազար դրամ, որը խնայելու և ճիշտ օգտագործելու դեպքում տևական ժամանակում հնարավոր կլիներ փոխհատուցել պատգամավոր Թագուհի Թովմասյանի պահանջած 1 մլն դրամը։
Հաջորդ հարցը կայանում է նրանում, որ եթե նրանք ծայրը ծայրին հազիվ են հասցնում, ինչ մտքով են ձեռք բերել երկրորդ հիփոթեքով բնակարանը։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միլիոնավոր դրամների շեղումներ կան ՔՊ-ական պատգամավոր ամուսինների փաստաթղթերում՝ կապված Ծաղկաձորում բնակարան ձեռք բերելու հետ։
Էմմա Միքայելյան