Փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day): Ամենամյա այս միջոցառումը 2005-ից ի վեր կազմակերպում է Համաշխարհային հակաքաղցկեղային միությունը: Օրվա նպատակն է գրավել հանրության ուշադրությունն այս գլոբալ խնդրի նկատմամբ, հիշեցնել այն մասին, թե որքան վտանգավոր և տարածված են այսօր օնկոլոգիական հիվանդությունները:
Մասնագետները հայտարարում են, որ մեր օրերում քաղցկեղի առաջացման պատճառները քաջ հայտնի են, ինչը թույլ է տալիս կանխել նոր դեպքերի մոտ մեկ երրորդը: Վաղ փուլերում ուռուցքի հայտնաբերման դեպքում հնարավոր է հիվանդության հաջող բուժումը:
Գաղտնիք չէ, որ քաղցկեղն այսօր աշխարհում մահվան պատճառների առաջատարն է, և Հայաստանը բացառություն չէ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճառագայթային թերապիան անհրաժեշտ է քաղցկեղով հիվանդ մարդկանց 70%-ին:
Բժշկությունը, անշուշտ, չի դոփում տեղում. օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդները կատարելագործվում են, և հնարավոր է՝ ապագայում այս սարսափելի հիվանդության բոլոր տեսակների դեմ շիճուկներ ստեղծվեն: Մինչ այդ բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել պրոֆիլակտիկան, ձերբազատվել վատ սովորություններից և վարել առողջ ապրելակերպ: