ArmLur.am-ը շարքով ներկայացնում է, թե հեղափոխությունից հետո և առաջ ինչ անշարժ գույքեր են ձեռք բերել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Այսպիսով, ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն այն պատգամավորներից է, որ գոնե մինչ հեղափոխությունը ունեցել է սեփական բնակարան։ Պատգամավորը 2014 թվականին ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։ Բնակարանների հետ ձեռք է բերել նաև ավտոտնակ՝ Կենտրոն վարչական շրջանում։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդից հասկանում ենք, որ Առուշանյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմում է 25 մլն 918 հազար դրամ։
Եթե Առուշանյանը ուներ բնակարան հեղափոխությունից առաջ, ապա հաջորդ ՔՊ-ական Սոնա Ղազարյանը տան տեր է դարձել միայն հեղափոխությունից 2 տարի անց՝ 2020 թվականին։ Ղազարյանը բազմաբնակարան շենքում բնակարան է ձեռք բերել Կոտայքի մարզի Առինջ գյուղում, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 14 մլն 897 հազար դրամ։
ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը մինչ հեղափոխությունը բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 1987 թվականին է ձեռք բերվել։ Գաբրիելյանը չի բավարարվել այս բնակարանով և 2021 թվականին՝ հեղափոխությունից 3 տարի անց, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անհատական բնակելի տուն է ձեռք բերել, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 18 մլն 094 հազար դրամ։
Հայտնի ակտիվիստ «Նավակ Ճոճող» Վիլեն Գաբրիելյանն, ով այժմ ՔՊ-ական պատգամավոր է, մինչ հեղափոխությունն ունեցել է սեփական մեկ հողամաս, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում։ Գաբրիելյանը հեղափոխությունից միայն 5 տար հետո դարձավ բնակարանի սեփականատեր։ Նա 2022 թվականին 22 մլն 600 հազար դրամով բնակարան է գնել Երևանում, կրկին հիփոթեքով։
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ է բնակարան ձեռք բերել հեղափոխությունից հետո։ Անշարժ գույքը կառուցվող բազմաբնակարան շենքում ՝ բնակարան և ավտոկայանատեղի միանգամից։ Անշարժ գույքը կրկին հիփոթեքով է գնված, որի մայր գումարի մնացորդը կազմել է 19 մլն 114 հազար դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում: