Ինձ առաջ է մղում կյանքի հանդեպ սերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը երեկոյան Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում տեղի է ունեցել հանրահայտ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մենահարմեգը:

Մարտի 14-ին Ազնավուրը ժամանել էր Երուսաղեմ իր թոռան հետ միասին: Երուսաղեմում` Արցունքի պատի մոտ, տեղի է ունեցել նրա թոռան բար-միցվայի (կրոնական ծես հրեականության մեջ, որը խորհրդանշում է հավատացյալի կրոնական հասունությունը, ծնթ.՝ Armlur.am) արարողությունը, ում մայրը ազգությամբ հրեա է:

Ուրբաթ երեկոյան Ազնավուրը ներկա է եղել Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տանը կազմակերպված պատվավոր ընթրիքին, իսկ շաբաթ օրը նա համերգով հանդես է եկել Թել Ավիվում՝ համերգի նախօրեին մասնակցելով մամլո ասուլիսի:

«Մենք` հայերս և հրեաներս, այնքան ողբերգություններ ենք տարել, որ եթե մեր ազգերն այսքան շատ չսիրեին կյանքը, ապա վաղուց վերացել էին երկրի երեսից: Ես գիտեմ, որ մենք ծնվում ենք մեռնելու համար, սակայն մինչ այդ պահը պետք է ապրել լիարժեք: Ինձ առաջ է մղում կյանքի հանդեպ սերը»,- ասել է նա:

Ազնավուրը հիշեցրել է հավաքվածներին, որ իր ընտանիքում կան և՛ կաթոլիկներ, և՛ բողոքականներ, և՛ հրեաներ, և՛ մուսուլմաններ՝ ավելացրելով. «Կարծում եմ՝ մարդիկ կարող են խաղաղ ապրել աշխարհում` անկախ կրոնական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»:

Աշխարհահռչակ շանսոնյեն նաև նշել է, որ ամենից շատ ինքը սիրում է ճանապարհորդել և ելույթ ունենալ աշխարհի ամենահեռու անկյուններում, քանի որ ոչինչ իրեն այնպես չի հարստացնում, ինչպես այլ մշակույթներն ու տպավորությունները:

Հիշեցնենք, որ Ազնավուրի նախկին համերգն այս նույն համերգասրահում տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 23-ին, երբ Ազնավուրը խոստացել էր հանդիսատեսին կրկին վերադառնալ Իսրայել:




Լրահոս