Yandex-ի մենեջերների թիմը կստանա հատուկ բաժնետիրական իրավունքներ և կշարունակի ղեկավարել ընկերությունը, որը դուրս կգա Մոսկովյան բորսա:
Նիդերլանդական Yandex N. V.-ն Yandex-ի բիզնեսը 475 միլիարդ ռուբլի արժեքով վաճառելու գործարք է կնքել մասնավոր ներդրողների կոնսորցիումի հետ։ Yandex-ի նոր գլխամասային ընկերությունը կլինի մասնավոր և անկախ YANDEX միջազգային բաժնետիրական ընկերությունը (ՄԲԸ), որի բաժնետոմսերը կհայտնվեն Մոսկվայի բորսայում: Yandex-ի գլխավոր տնօրենը կմնա Արտյոմ Սավինովսկին։
Yandex ՄԲԸ-ի հիմնական սեփականատերը կլինի փակ փայատիրական ներդրումային ֆոնդը՝ «Կոնսորցիում.Առաջինը»՝ Yandex-ի մենեջերների գլխավորությամբ։ Նրանցից բացի, կոնսորցիումում ևս չորս փայատեր կա, այդուհանդերձ նրանցից և ոչ մեկը չի ունենա վերահսկող բաժնեմաս և, որպես հետևանք, վերահսկողություն ընկերության նկատմամբ։
Yandex-ի մենեջերների թիմը կպահպանի ընկերության կառավարումը և առանցքային որոշումներ կայացնելու իրավունքը: Դրա համար ստեղծվել է «Մենեջերների հիմնադրամը», որը կստանա հատուկ իրավունքներ և վետոյի իրավունք տնօրենների խորհրդում և բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշակի հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Նման հարցերի շարքում են խմբի էական վերակազմակերպումը, բյուջեի հաստատումը, խոշոր գործարքների հաստատումը և կանոնադրության փոփոխությունները:
Yandex-ը կպահպանի Yandex N. V. խմբի բիզնեսները, ծառայությունները և ակտիվները, բացառությամբ արտասահմանյան ստարտափների (Nebius, Toloka, Avride և TripleTen): Ընկերությունը շարունակելու է զարգացնել որոնողական, քաղաքային, ժամանցային, կրթական ծառայությունները, ինչպես նաև ներդրումներ կատարել ամպային տեխնոլոգիաների, ինքնավար ավտոմեքենաների, արհեստական բանականության տեխնոլոգիաների և այլ հեռանկարային ուղղություններում:
Հայաստանում օգտատերերի համար կարևոր հանգամանք է մնում այն, որ գործարքը չի անդրադառնա տվյալ տարածաշրջանում ծառայությունների աշխատանքին եւ չի ազդի տվյալների պաշտպանության վերաբերյալ ընկերության քաղաքականության վրա:
Նոր կառուցվածքն ուղղված է Yandex-ում կառավարման սովորական գործընթացների պահպանմանը՝ ներդրողների, գործընկերների, օգտատերերի և աշխատակիցների մոտ ապահովելով վստահություն ընկերության բիզնեսի կայունության և հեռանկարի նկատմամբ: Yandex-ի բիզնեսը վաճառելու վերաբերյալ գործարքի համաձայնեցման գործընթացը ենթակա կլինի բաժնետերերի և համապատասխան կարգավորող մարմինների դիտարկմանը: