ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին, ժամը 11.36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և փլուզման վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության երեք մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ` (այդ թվում՝ կինոլոգ), ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հերթապահ և օպերատիվ խմբերը, Հայկական Կարմիր խաչի կամավորներ ու Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ավտոկռունկը։

Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, վնասվել են տներ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 180 փրկարարական ծառայող, նաև Հայկական Կարմիր խաչի 15 կամավոր։ Փլատակներից դուրս են բերվել և բուժօգնության տեղափոխվել վնասվածքներով երկու քաղաքացիներ:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են, և ժամը 16:05-ին փլատակներից դուրս են բերվել Գայանե Եղոյանի ու Հայկ Սողոմոնյանի դիերը: Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։

Դեպքի վայրում Փրկարար ծառայության և Հայկական Կարմիր խաչի հոգեբանները մահացածների հարազատներին ցույց են տվել հոգեբանական աջակցություն։ Տեղում հերթապահել է շտապօգնության երկու բրիգադ, պարեկային ծառայողները սահմանազատել են տարածքը, հսկողության են վերցրել դեպքի վայր տանող ճանապարհները։

Ժամը 16.05-ին ՓԾ տնօրենի կարգադրությամբ բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Պայթյունի պատճառն ու այլ հանգամանքներ պարզվում են:




Լրահոս