Մոսկվայում Իսրայելի նոր դեսպան Սիմոնա Գալպերինին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցից հետո կանչել են ՌԴ ԱԳՆ։ Մոսկվայի քաղաքականության վերաբերյալ իսրայելցի դիվանագետի հայտարարություններն անընդունելի ու հակառուսական են որակվել։
Դեսպանը «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում դժգոհություն է հայտնել Մերձավոր Արևելքում Ռուսաստանի վարած քաղաքականության վերաբերյալ։
Դիվանագետի կարծիքով՝ Մոսկվան չափազանց ուշ է դատապարտել ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերյան հարձակումն Իսրայելի վրա։ Բացի այդ, ռուսական կողմը պաղեստինյան խմբավորումը չի համարել ահաբեկչական և շարունակում է հանդիպումները նրա անդամների հետ։
Գալպերինը նաև կարծում է, որ Մոսկվան համերաշխ է Հարավային Աֆրիկայի հետ, որն Իսրայելի դեմ հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ պաղեստինցիների հանդեպ ցեղասպանություն գործելու մեղադրանքով։
Իսրայելցի դիվանագետի խոսքով՝ տագնապ է առաջացնում նաև Մոսկվայի դիրքորոշումը հութիների գործողությունների վերաբերյալ: Շարժումը փորձում է կտրել Ասիայի և Եվրոպայի միջև հիմնական առևտրային ճանապարհը, ինչպես նաև սպառնում է Իսրայել մեկնող նավերին։ «Բայց մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանից ոչ մի դատապարտող խոսք չենք լսում»,- ասել է Գալպերինը:
Միաժամանակ դիվանագետը վստահ է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններին այլընտրանք չկա։
Հունվարի վերջին Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդն ասել էր, որ Իսրայելը պետք է հարաբերություններ պահպանի Մոսկվայի հետ «ռազմավարական նկատառումներից ելնելով»։ Միաժամանակ նա խոստովանել էր, որ երկու երկրի միջև նախկին ջերմ հարաբերությունները մոտ ապագայում չեն լինի։