Հերթական հապճեպ նախագծի հետ գործ ունենք. Իզաբելլա Աբգարյանը՝ տրանսպորտի գնի բարձրացման և հետագա քայլերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունը նախատեսում է թանկացնել տրանսպորտի ուղեվարձը ՝ հասցնելով ընդհուպ 260 դրամի։
Ավագանու փետրվարի 13-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է հերթական նախագիծը, համաձայն դրա՝ տրանսպորտի համար ներդրվելու է միասնական տոմսային համակարգ, և դրա շրջանակներում տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ՝ հասնելով մինչեւ 260 դրամի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

ArmLur.am-ը կապ հաստատեց  «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ՝ հասկանալու համար իրենց դիրքորոշումը. «Ես ինքս սիրում եմ ճշգրտություն: 260 դրամ դա կլինի 1 տոմսը, այն մարդկանց համար, ովքեր մեկ անգամ են օգտվում տրանսպորտից՝ տուրիստները կամ մարդիկ, ովքեր շատ հազվադեպ են օգտվում տրանսպորտից:
Մյուս սակագնային պլաներում նույնպես վարձի թանկացում է նախատեսում, և մեր դիրքորոշումը առաջին հերթին այն է, որ նման նախագիծ մշակելիս պետք էր մասնագետների քննարկում կազմակերպել և առաջին հերթին, պետք էր սկզբում ուղարկել ավագանու խմբակցություններին, առաջարկները ստանալ, որպեսզի մենք էլ կարողանայինք մասնակցել:

Չի կարող մեկ ուժ որոշել ամբողջ քաղաքի սակագնային պլանը, հենց այսպես միանգամից: Հերթական հապճեպ նախագծի հետ գործ ունենք, և բնականաբար մենք չենք կարող այս նախագծին հավանություն տալ, ինչպես նաև հավանություն չենք տալու իշխանությունների որդեգրած թե՛ ծախսերին, թե՛ քաղաքականության ոճին, որը որ թափանցիկ չէ և լի է կոռուպցիոն ռիսկերով»:

Նրա խոսքով՝ նրանց օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ չգրանցվելով տվյալ հարցի քվեարկության, չապահովել քվորում և տապալել նիստը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին մի խումբ հայտնի անձինք, ինչպիսիք էին դերասաններ Գարիկ Պապոյանը, Լալա Մնացականյանը, Անդրանիկ Հարութունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ալեն Սիմոնյանը՝ ներկայումս ԱԺ նախագահ, Հայկ Մարությանը՝ ներկայումս «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Լուսինե Բադալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, և այլոք իրականացնում էին բողոքի ակցիա տրանսպորտի գնի թանկացման դեմ:
Նրանք հոլովակ էին տարածել, որով կոչ էին անում քաղաքային իշխանություններին վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը՝ պահպանել 100 դրամը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս